22 օգոստոսի 2014 - 17:07 AMT
Հունաստանի խորհրդարանը կարող է պոնտոսի հույների ու հայերի ցեղասպանության մերժումը քրեականացնող օրինագիծ ընդունել

Հունաստանի արդարադատության նախարար Հարալամբոս Աթանասիուն հայտարարել է, որ «Ռասիզմի դեմ» օրինագծում ավելացվել է պոնտոսի հույների, հայերի ու Փոքր Ասիայում իրականացված ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող հոդված: Օրինագիծը քննարկվելու է Հունաստանի խորհրդարանի օգոստոսի 26-27-ի նիստում:

«Օրինագծի վերջնական տարբերակի համաձայն, Հունաստանի խորհրդարանի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտումը կհամարվի հանցագործություն: Բացի այդ, հանցագործություն կհամարվի նաև այն ցեղասպանությունների ժխտումը, որոնք ճանաչվել են հունական կամ միջազգային դատարանների վճիռներով»,- ասել է Աթանասիուն, գրում է թուրքական Hyurriet պարբերականը:

Եվրոպական երկրներից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրենքներ գործում են Շվեյցարիայում և Սլովակիայում:

Շվեյցարիայում արդեն մի քանի մարդ կրել է իր պատիժը այս օրենքը խախտելու համար: Մասնավորապես 2007-ի մարտին Լոզանի դատարանը իրավաբանական գիտությունների դոկտոր է ու Թուրքիայի աշխատավորկան կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքին ռասայական խտրականության մեջ մեղավոր էր ճանաչել՝ պարտավորեցնելով նրան մի քանի տուգանք վճարել: Նա մասնակցել է 2005-ի Շվեյցարիայում կայացած տարբեր խորհրդաժողովների, որտեղ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը:Շվեյցարիա-Հայաստան ասոցիացիան վերջինիս արտահայտությունների պատճառով դիմել էր Շվեյցարիայի դատարան: Դա առաջին անգամն էր, երբ Շվեյցարիայում կիրառվել է 1995-ի ուժի մեջ մտած օրենքը:

Փերինչեքը հայցով բողոքարկել էր այդ որոշումը՝ հարցի շուրջ լրացուցիչ հետազոտություններ պահանջելով: Վերաքննիչ դատարանը նույն տարվա հունիսին մերժել էր նրա բողոքը՝ նշելով, որ Հայոց ցեղասպանությունը նույնպիսի պատմական փաստ է, ինչպես Հոլոքոսթը: Փերինչեքը բողոքարկել էր դատավճիռը Շվեյցարիայի Դաշնային դատարանում, որն իր հերթին հաստատել էր որոշման օրինականությունը 2007-ի դեկտեմբերին: Փերինչեքը դիմել էր ՄԻԵԴ՝ նշելով, որ իր իրավունքները ոտնահարվում են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներով, մասնավորապես. 7 հոդվածով՝ պատիժ բացառապես օրենքի հիման վրա, 10՝ կամքի ազատ արտահայտում: ՄԻԵԴ-ը՝ քննելով նրա բողոքը, հայտնաբերել էր 10-րդ հոդվածի խախտում, որևէ դրամական փոխհատուցում չնշանակելով:

2011-ի դեկտեմբերի 22-ին ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն էր: 2012-ի հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը դրան կողմ էր քվեարկել. 213 սենատորից 127-ը «կողմ» էր քվեարկել, 86-ը՝ «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում էր 1 տարվա ազատազրկում ու 45 հազար եվրո տուգանք: Ավելի ուշ՝ 2012-ի փետրվարի 23-ին, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդն օրինագիծն ոչ սահմանադրական էր ճանաչել: