23 օգոստոսի 2014 - 15:56 AMT
Բնական գազի մատակարարումը Հայաստան վերականգնվել է

Վրաստանը վերսկսել է դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը, որը դադարեցվել էր օգոստոսի 20-ին սողանքի արդյունքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով: Այս մասին հայտարարել է Վրաստանի գազափոխադրող ընկերության ղեկավար Մամուկա Կոբախիձեն:

Նրա խոսքով` գազատարը փորձնական աշխատանքի է դրվել նախորդ գիշեր, իսկ ամբողջ ծավալով աշխատանքը վերականգնվել է 10:00-ին, հաղորդում է Armenia Today-ը:

Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը՝ օգոստոսի 20-ին ժամը 23:45-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին՝ Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով:

2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրով, «Գազպրոմ» ԲԲԸ ձեռք բերեց «ՀայՌուսգազարդ» ընկերությունում Հայաստանի Հանրապետության կառավարության 20 տոկոս բաժնեմասը: «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունը, դառնալով «Գազպրոմ» ԲԲԸ 100 տոկոս դուստր ընկերություն,վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ: