25 օգոստոսի 2014 - 12:47 AMT
Նախագահը «Բազե»-ում էր. ՄՄ-ն, Ղարաբաղի հիմնախնդիրը, ստվերի դեմ պայքարն ու արտագաղթը

Նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 23-ին Ծաղկաձորում ներկա է գտնվել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կազմակերպած «Բազե-2014» համահայկական երիտասարդական հավաքի փակման հանդիսավոր արարողությանը և պատասխանել է երիտասարդ լրագրողների ջոկատի անդամներին հետաքրքրող հարցերին: Ճամբարական լրագրողները Հանրապետության նախագահին հարցեր են ուղղել ինչպես Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության, այնպես էլ մեր երկրի պաշտպանության, տնտեսության մարտահրավերների, սոցիալական թեմաների վերաբերյալ:

Հարցերից մեկը վերաբերել է Մաքսային միությունը: Լրագրողի դիտարկմանը, թե այնպիսի տպավորություն է, որ ՄՄ-ում կարծես թե ուրախ չեն մեզ տեսնել, նախագահը պատասխանել է.

«Մենք փոքր երկիր ենք, խնդիրներ ունեցող երկիր ենք, և, բնականաբար, ցանկացած միության անդամակցելը որոշակի խնդիրներ է առաջացնում նաև այդ միության անդամների համար: Բայց մյուս կողմից էլ այնպես չէ, որ Մաքսային միության անդամները չեն ցանկանում մեր անդամակցությունը: Եթե չցանկանային, ապա ուղղակի վետո կդնեին այս խնդրի վրա, և խնդիրն ընդհանրապես առաջ չէր շարժվի: Ճիշտ գնահատականը հետևյալն է՝ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, իբր թե մեզ ստիպում են, որպեսզի մենք արագ և գլխակորույս դառնանք Մաքսային միության անդամ: Ես սա ասում եմ ամենայն անկեղծությամբ, և ընթացքը, որի համար մեր հասարակության մի մասը մեզ մեղադրում է՝ ասելով, թե ինչու ենք «այսպես գլխապատառ գնում այնտեղ», մեզնով է պայմանավորված, ոչ թե որևէ մեկի ցանկությամբ կամ պնդումներով: Այնպես որ՝ նորմալ ընթացք է»։

Օգոստոսի 7-ին ՌԴ ու Բելառուսի նախագահները հեռախոսազրույցում հաստատել էին, որ Հայաստանի անդամակցումը չպետք է վնասի ՄՄ շահերին: Նույն օրը Ռուսաստանի կառավարությունը հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի միանալու մասին պայմանագրին: Այժմ այն պետք է ներկայացվի Վլադիմիր Պուտինին: Այդ պայմանագիրը հիմնարար փաստաթուղթ է, որը սահմանում է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին ՌԴ, Բելառուսի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության պայմանավորվածությունները:

Ռուսաստանի կառավարությունը նաև հավանություն է տվել ԵՏՄ ստեղծման մասին պայմանագրին, որը ՌԴ նախագահը պետք է ներկայացնի Պետդումայի վավերացմանը:

Հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերին: Մինչև այդ՝ հուլիսի 5-ին, վարչապետը տեղեկացրել էր , որ ԵՏՄ-ին անդամակցելու համար իր բոլոր պարտավորությունները Երևանն ամբողջապես կատարել է:

Մայիսի 29-ին Աստանայում անցկացված Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելառուսի նախագահները ստորագրել էին Եվրասիական տնտեսական միության ձևավորման մասին համաձայնագիրը: Այն կգործի 2015-ի հունվարի 1-ից: ՌԴ նախագահի խոսքով` ընդհանուր կառուցողական տրամադրվածության, մասնակից երկրների` փոխզիջումների գնալու պատրաստակամության շնորհիվ հաջողվել է բազում դժվարություններ հաղթահարել և ժամանակին հասնել փաստաթղթի ստորագրմանը:

Հաջորդ հարցը վերաբերել է երկրի անվտանգությանը. ի՞նչ զարգացումներ ունենք Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, ո՞ւր ենք հասել

«Կարծում եմ` վերջերս դուք բավականաչափ տեղեկատվություն ստացաք: Ես ուղղակի ուզում եմ այդ տեղեկատվությանն ավելացնել հետևյալը, որ ինձ համար միանշանակ է Ադրբեջանի գործողությունների նպատակը՝ միջազգային հանրությանը հստակ հասցնել այն գաղափարը, որ պատերազմը չի ավարտվել, որ ստատուս քվոն անընդունելի է: Եվ դա կատարվում է ոչ թե պարզապես կրտսեր հրամանատարների կամ միջին հրամկազմի ցուցումով, այլ ամենաբարձր մակարդակով: Ես մի անգամ ասել եմ, որ Ադրբեջանի նախագահը դա չի թաքցնում, և վստահաբար հիմա էլ կարող եմ ասել, որ դա այդպես է: Բայց այս անգամ որոշակի երանգներ կային, և այդ երանգներից մեկն այն է, որ ադրբեջանցիները լրացուցիչ նպատակներ էին դրել: Նպատակներից մեկը, իհարկե, ինչպես ասվում էր՝ մեր աչքը վախեցնելն էր և իրենց ահռելի ծախսերն արդարացնելը: Ուզում էին արդեն որոշակի լրջության աստիճանով ցույց տալ և՛ մեզ, և՛ իրենց ժողովրդին, որ իրենք առավելություն ունեն: Ինչու՞ եմ ասում լրջության աստիճանով, որովհետև վերջին 20 տարիներին, իհարկե, տարբեր ժամանակաշրջաններում հրադադարի խախտման դեպքեր եղել են, բայց երբեք չի եղել, օրինակ, կրակ ականանետերից: Այս անգամ եղավ, և հաստոցավոր նռնականետերից, այսինքն՝ սա նշանակում է, որ տրամաչափն ավելանում է, և վտանգը, իհարկե, մեծանում է:

Հուլիսի վերջից օգոստոսի 10-ը հակառակորդի բոլոր գործողություններն աննախադեպ էին 90-ականներից այս կողմ։ Կառավարության օգոստոսի 7-ի նիստին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զեկուցել է, որ հայկական ստորաբաժանումները կանխել են 20-ից ավելի դիվերսիա։ Նրա խոսքով` նպատակն էր ազդել բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև` ներքին լսարանի մոտ վերացնել պարտվածի հոգեբանությունը։ 2014-ի ընթացքում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 18 000 անգամ, այնինչ 2013-ի ընթացքում այդ թիվը կազմել է 13 000:

Այս տարվա ընթացքում հակառակորդը 26 դիվերսիոն հետախուզական գործողության փորձ է ձեռնարկել, որից միայն 15-ը՝ հուլիսի 25-ից՝ օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում: Հակառակորդը ռազմական բնույթի աննախադեպ գործողությունների էր դիմում, այդ թվում՝ հրադադարի ինտենսիվ խախտումների և խաղաղ բնակավայրերի ռմբակոծությունների, դիվերսիոն հետախուզական ակտիվ գործողությունների, ինչպես նաև ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ու թիկունքում զորքերի տեղաշարժերի, տեղեկատվական և քարոզչական ակտիվ աշխատանքներ տանում:

Երկրորդ, կարծում եմ, որ նրանք իրենց քաղաքականությունն էին առաջ տանում: Այսինքն, այս առաջինը, եթե իրենց հաջողվեր, ապա պետք է մշտապես իրենց թեզը ամրապնդեին. այն թեզը, թե ռազմական գործողություններ չսկսելը՝ բանակցային գործընթացում զիջում է Ադրբեջանի կողմից: Ծիծաղելի է, բայց փաստ է: Այսինքն, դա փաստարկ չի, դա ուղղակի շանտաժ է: Նաև տարբեր այլ խնդիրներ են իրենք իրենց առջև դրել, և երբ մեր հերթական հանդիպումն էր տեղի ունենում, կարծում եմ, որ նրանք լավ վիճակում չէին: Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա 2011 թվականից սկսած մենք էական առաջխաղացում չունենք, և Կազանում Ադրբեջանի կողմից բանակցությունների ձախողումը վերջին հանգրվանն էր: Դրանից հետո այդ փաստաթղթում որևէ ուղղում կամ լրացում չի եղել:

Կարծում եմ՝ մեր դիրքորոշումը ձեզ ծանոթ է, նորից չկրկնեմ. մեր ամբողջ նպատակն է, որպեսզի Ադրբեջանն ընդունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի` սեփական ճակատագիրը որոշելու իրավունքը: Մենք այլ խնդիր չունենք, և ուզում ենք, որպեսզի դա լինի խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե՝ նոր զոհերի գնով:

Եթե իմի բերելու լինենք` պիտի ասեմ, որ մեծ առաջընթաց չեմ տեսնում բանակցային գործընթացում, բայց բանակցությունները շարունակվում են»,- նշել է նախագահը:

Օգոստոսի 10-ին Սոչիում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը։ Նախագահները հաստատել են ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել է, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ միջադեպերը չեն շարունակվի նույն ինտենսիվությամբ, քանի որ իրադարձությունների զարգացումը ցույց տվեց, որ հայկական զինված ուժերը լիովին վերահսկում են իրավիճակը, և ադրբեջանցիների բոլոր փորձերը ձախողվեցին:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաև երքաղաքական-տենտեսական հարցերին, խոսել սպասվող փոփոխությունների մասին, մեկնաբանել Հովիկ Աբրահամյանի` վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո արված հայտարարությունը, թե պայքարելու է ստվերի դեմ, խոշորին անպայման բերելու են հարկային դաշտ:

«Նախ այդ փոփոխությունների մասին մենք հետո կխոսենք, որովհետև, նորից եմ ասում՝ մենք բանակցային գործընթացը դեռևս չենք ավարտել, և ավելորդ ջանասիրությունը կամ ջանքերը, ավելորդ փաստարկները օգուտ չեն տալիս այդ գործընթացին: Ինչ վերաբերում է կառավարության հայտարարությանը, ապա ես կարծում եմ, որ ամեն ինչ նորմալ ընթացքի մեջ է: Նախ պիտի ասեմ, որ բոլոր նրանք, ովքեր անմիջականորեն չեն աշխատում այդ խնդրով, լավ պատկերացում չունեն ստվերի մասին, ընդհանրապես մեր տնտեսության մասին: Եվ ասել, որ մինչ Հովիկ Աբրահամյանն ընդհանրապես ստվերն ահռելի է եղել տնտեսության մեջ, ես չեմ կիսում այդ կարծիքը կամ ասել, որ այս ընթացքում այդ ուղղությամբ աշխատանք չի տարվել, նորից չեմ կիսում այդ կարծիքը: Գիտեք, ցանկացած խնդրի մասին խոսելիս պետք է տրամաբանական մոտեցում ցուցաբերել և հասկանալ, թե որոնք են չափանիշները, որոնցով գնահատելու ես այդ գործընթացը: Մարդիկ, երբ ասում են ստվեր կա կամ ստվերը յոթանասուն տոկոս է, որտեղի՞ց գիտեն, այսինքն՝ այդ մարդիկ ի՞նչ է, ունեն սեփական վիճակագրական վարչությու՞ն: Միակ բանը, որով կարող են իրենք դատել այդ մասին՝ իրենց գործունեությամբ, բիզնեսով, իրենց հարևանների և բարեկամների բիզնեսով է, երբ գիտեն, որ իրենք, իրենց հարևանները, իրենց բարեկամները ստվերում են աշխատում: Հակառակ պարագայում, որտեղի՞ց գիտեն: Իսկ ընդհանրապես ամբողջ աշխարհում դա ինչպե՞ս է չափվում. չափվում է հետևյալով, թե համախառն ներքին արդյունքի որ մասն է գալիս բյուջե հարկերի տեսքով, և երբ մենք հինգ-վեց տարի առաջ ունեինք տասներեք տոկոս հավաքելիություն, այսօր ունենք քսաներկու տոկոս: Հիմա հաշվեք՝ մեր երկրում ստվերը կրճատվե՞լ է, թե ավելացել: Սա՛ է ամբողջ իրականությունը: Իհարկե, ես կցանկանայի, որ այդ տոկոսը հասներ քսանութ, քսանինը, երեսուն, ինչպես զարգացած երկրներում, բայց, իրոք, Հովիկ Աբրահամյանը շատ ճիշտ է ասում՝ չկա կախարդական փայտիկ, որով շատ կարճ ժամանակում կարելի է դրան հասնել: Մեր հարևանների մոտ էլ, մեծ տարբերություն չկա մեզնից: Նայեք, տեսեք մեր տնտեսությունը որքան է զարգացել վերջին հինգ տարիներին. ես չեմ ասում շատ է զարգացել, և մեր համախառն ներքին արդյունքը շատ է ավելացել, բայց տեսեք՝ մեր բյուջեն գրեթե կրկնապատկվել է, իսկ դա ինչպե՞ս է եղել, որտեղի՞ց: Մենք չունենք բյուջեի համալրման այլ աղբյուր, քան մեր հարկերը ու նաև մեր վերցրած վարկերը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մայիսի 14-ին ընդունել է Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչներին: «Հստակ պատկերացնում եմ ձեր դերը բնակչության զբաղվածության, եկամուտներ ապահովելու, տնտեսության մեջ ներդրումներ կատարելու և ժամանակակից տնտեսություն ստեղծելու գործում: Հատկապես կարևորում եմ ձեր ներդրումը պետական բյուջեի եկամուտների ապահովման հարցում»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: Վարչապետը գործարարների հետ քննարկել է երկրի տնտեսության ներկայիս վիճակին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գործարարներից ակնկալում է անկեղծ գնահատականներ, առաջարկություններ և պատրաստ է համատեղ քննարկել ներկայացվող յուրաքանչյուր նախաձեռնություն: Նա նշել է, որ բոլոր գործարարները պետք է աշխատեն հավասար դաշտում և ամեն անեն, որպեսզի ստվերից դուրս գան:

Նախագահը խոսել է արտագաղթի ահագնացող տեմպերի մասին` նշելով, որ համաձայն չէ «ահագնացող» բառի հետ: Նա նշել է, որ լրագրողնրն առաջնորդվում են զուտ ենթադրություններով, այնինչ «մենք ունենք վիճվարչություն, որը շատ հստակորեն բոլոր թվերը տալիս է. անցյալ տարի կրճատվել է, և այս տարվա թվերը խոսում են այն մասին, որ այս տարի էլ ավելի է կրճատվելու: Ահագնանալը ո՞րն է: Գիտեք, ահագնանալը ջրի հոսքի մասին են ասում, երբ որ հեղեղ է սկսվում, մի առու է լինում, հետո այդ առուն գետի է վերածվում, ահագնանալը ես այդպես եմ հասկանում հայերենով: Կգնաք, կբացեք վիճվարչության թվերը, կնայեք: Ես մեկ անգամ այդ թեմայով ասել եմ, հիմա էլ ավելորդ չեմ համարում շեշտել՝ մենք միայն անցյալ տարի ամբողջությամբ, և նախանցյալ տարի մասնակի, կարողացել ենք ամբողջովին վերահսկել մեր սահմանները. մենք մինչ այդ չունեինք համակարգ, որը ավտոմատիզացված կերպով բոլորին ֆիքսում էր: Իսկ նույնիսկ այդ մոտավոր տվյալները խոսում են այն մասին, որ 90-ական թվականներին շատ-շատ մեծ էր արտագաղթը: Բոլորին թվում էր, թե Հայաստանում մարդ չի մնացել»: