30 մայիսի 2006 - 20:04 AMT
Ա.Աբրահամյան. Մոսկվայում 19-ամյա հայի սպանությունը սադրանք է «ութնյակի» գագաթնաժողովի շեմին
Այսօր Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հայտարարել է, թե հայ պատանու հերթական սպանությունը գնահատում է որպես ծայրահեղական ուժերի սադրանք Սանքտ Պետերբուրգում կայանալիք «ութնյակի» գագթնաժողովի նախաշեմին. «Սա ակնհայտ սադրանք է այն մութ ուժերի կողմից, որոնք չեն ցանկանում, որ Ռուսաստանը զարգանա ժողովրդավարության եւ քաղաքակրթության ճանապարհով»: Սակայն, Աբրահամյանն այս հանցագործության առնչությամբ «ուղղակի հարձակում չի տեսնում հայության» հանդեպ: Ֆաշիստները չեն ընտրում մարդկանց ըստ ազգության, այլ ընտրում են իրենց զոհերին մաշկի եւ աչքերի գույնով: Առավել եսւ, որ մենք գիտենք, որ նրանք հարձակվել են մեջքից եւ բղավել են «Կեցցե Ռուսաստանը»,-ասել է Աբրահամյանը: Նա գտնում է, որ շտապ կերպով հարկավոր է «կլոր սեղան» կազմակերպել:

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ժամը 22:30-ին Կլյազմա կայարանում երկու անհայտներ հարձակվել են Արթուր Սարդարյանի վրա մեջքից եւ սպանել են նրան դանակով հարվածելով վզին` կտրելով քներակը: Հարվածը մահացու է եղել, սակայն դրանից հետո էլ հարձակվողները եւս 5 անգամ հարվածել են զոհին դանակով, սրտի շրջանում: Նրանք կանգնեցրել են գնացքը ստոպ-կրանի միջոցով եւ թաքնվել: Ուղեւորները կապվել են մեքենավարի հետ, որը հաղորդել է պատահածի մասին միլիցիա: Հարվածները հասցվել են ամենախոցելի մասերին, ինչը վկայում է մարդասպանի հմտության մասին, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները: