26 օգոստոսի 2014 - 11:11 AMT
Թունելների հսկայական ցանց` Անիի ավերակների տակ. Հայտաբերվել է 823 ստորգետնյա կառույց

Ներկայիս Թուրքիայի Կարս նահանգի տարածքում գտնվող հնագույն Անի քաղաքի տակ ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցման արդյունքում թունելների հսկայական ցանցեր են բացահայտվել:

Կարսի Կովկասյան համալսարանի կազմակերպած «Անի-Կարս միջազգային սիմպոզիումի» ընթացքում հետազոտող Սեզաի Յազիջին հայտարարել է, որ հայտնաբերել են գաղտնի ջրանցքեր, ճգնավորների խուցեր, մեդիտացիայի սենյակներ, հսկայական միջանցքներ, թունելների հսկայական ճյուղավորումներ և այլն:Երբեմնի հզոր քաղաքը` Հայաստանի Բագրատունիների արքայատոհմի մայրաքաղաք Անին այսօր լքված է, հաղորդում է Hurriyet Daily News կայքը:

Անի քաղաքի ավերակների տակ արդեն իսկ հայտնաբերվել են 823 ստորգետնյա կառույց, որոնց ընդհանուր երկարությունը մոտ 500 մետր է: Այս ենթակառուցվածքների մեծ մասն օգտագործվել է որպես պաշտոնյաների առանձնասենյակներ, մյուսներն էլ հանձնված են եղել եկեղեցուն: Հետազոտողները քարտեզագրել են ստորգետնյա շինությունների տեղադրվածությունը:

Ըստ Յազիջի` այս բացահայտումների համար հիմք են ծառայել Գեորգի Գյուրջիևի աշխատությունները, որը 1886թ-ին իր ուղեկցորդ Պողոսյանի հետ այցելել է Անիի ավերակներ և հայտնաբերել մի քանի անցումներ, կերամիկա, հոգևորականների խցերում որոշ գրվածքներ և այլն: Եվ չնայած Գյուրջիևը սահուն խոսում էր հայերեն, նա չէր կարողացել հասկանալ հայտնաբերված գրությունների վրա գրված բառերը, քանի որ դրանք եղել էին Հին հայերենով` գրաբարով: Հետագայում պարզվել է, որ գրվածքներն ինչ-որ հին էզոթերիկ եղբայրության մասին են:

Անին եղել է Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաքը և իր զարգացման գագաթնակետում մրցակից է եղել այնպիսի քաղաքների հետ, ինչպիսիք եղել են Կոստանդնուպոլիսը, Բաղդադը, Կահիրեն և այլն: 11-րդ դարում Անիի բնակչությունը կազմել է ավելի քան 100 հազար մարդ: Քաղաքն իր մեծության և գեղեցկության շնորհիվ հայտնի է եղել նաև «40 դարպասների քաղաք» և «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» անուններով: Այն հետագայում դարձել է զանազան կայսրությունների պայքարի օբյեկտ, ինչն էլ հանգեցրել է նրա ավերմանը և վերջնական լքվելուն: