26 օգոստոսի 2014 - 13:20 AMT
Ցեղասպանության մասին նոր փաստաթութղ է հայտնաբերվել. Նուբարյան գրադարանում գտել են Զաբել Եսայանի 11-էջանոց զեկույցը

Թուրք պատմաբան Ումիթ Քուրթը և լրագրող Ալև Էրը Փարիզի Նուբարյան գրադարանում կատարած ուսումնասիրությունների ժամանակ հայտնաբերել են ցեղասպանության մասին վկայող մի փաստաթուղթ` հայտնի գրող Զաբել Եսայանի 11-էջանոց զեկույցը, որով հեղինակը ներկայացրել է 1915-ին և դրանից հետո հայ կանանց և աղջիկներին պատուհասած դժբախտությունները:

Նրանց կարծիքով այդ փաստաթուղթը մինչև օրս հրատարակված չի եղել: Ըստ «Ագոս» թերթի՝ այդ զեկույցը ներկայացվել է Փարիզի Խաղաղության կոնֆերանսում հայկական պատվիրակության անդամ Պողոս Նուբար Փաշային: Վերջինս էլ այն հանձնել է կոնֆերանսին մասնակից երկրների ներկայացուցիչներին:

Զաբել Եսայանը զեկույցում նշում է, որ երիտութուրքական իշխանությունները պատերազմը սկսելուց անմիջապես հետո սիստեմատիկ կերպով իրականացրել են երկրի ոչ մուսուլման ազգերի ոչնչացումը: Երիտասարդ կանանց, աղջիկներին և երեխաներին գողանում էին: Ըստ Եսայանի՝ նրանց թիվը գերազանցում է 200 հազարը, գրում է Ermenihaber-ը:

Եսայանն առանձին կետերով ներկայացրել է, թե ինչպես էին թուրքերն առևանգում կանանց և երեխաներին:

1. Կանաց մի մասին առևանգում էին հենց իրենց քաղաքներից և գյուղերից: Էրզրումում թուրք սպաները գողանում էին քաղաքի հայնտի հայերի աղջիկներին, իսկ Էրզիջանում՝ հարուստ ընտանիքների ժառանգորդ աղջիկներին:

2. Կանանց և երեխաներին գողանում էին տղամարդկանցքաղաքներից ու գյուղերից հեռացնելուց, սպանելուց հետո: Ոստիկանները, որոնք ուղեկցում էին կանանց խմբերը, նրանց բերում էին մի որևէ աղբյուրի մոտ, սակայն դրան մոտենալ և ջուր խմել արգելում էին: Ջուր խմելու գինը թուրք զինվորներին տրվելն էր:

3. Երբ այդ կանայք հասնում էին որևէ հավաքատեղի, նրանց վրա էին հարձակվում քրդերը, չերքեզները, չեչենները:

Թերևս զեկույցի ամենասարսափելի մասը վերաբերում է հայ կանանց նկատմամբ թուրքերի վերաբերմունքին: Եսայանը նշում է, որ բարձր դասի պատկանող կանանց խումբը հսկել է լավ պատրաստված պահակախումբը: Այդ կանանցից շատերն առաջին իսկ հնարավորության դեպքում ինքնասպան են եղել: Շատ ծնողներ իրենց երիտասարդ աղջիկներին նետել են Եփրատի ջրերի մեջ: Նորածին երեխաներին գրկած բազմաթիվ երիտասարդ կանայք նույնպես ցատկել են անդունդը: «Շատերը խենթացան: Նրանցից ոմանք բռնաբարությունից հետո կարողացել են փախչել, սակայն մեծ մասը զոհվել է փախուստի պահին: Շատ քիչ էր այն մարդկանց թիվը, որ կարողացել է ինքնապաշտպանվել»:

Հոդվածի հեղինակները հայտնում են նաև, որ Եսայանի զեկույցը հանձնվել է ոչ միայն Պողոս Նուբար Փաշային, այլև Պոլսի հայոց պատրարք Առաքել Չաքրյանի գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովին, որը զբաղվում էր որբ երեխաների և այրի կանանց վերադարձման հարցերով:

Հայ գրող, թարգմանիչ, հրապարակագիր Զաբել Եսայանը ծնվել է 1878-ի փետրվարի 4-ին Կոստանդնուպոլսում:Ավարտել է Սկյուտարի Սբ Խաչ վարժարանը, Փարիզում հետևել Սորբոնի և Կոլեջ դը Ֆրանսի գրականության ու փիլիսոփայության դասընթացներին։ Առաջին արձակ բանաստեղծությունը «Երգ առ գիշեր» 1895-ին տպագրվել է Արշակ Չոպանյանի «Ծաղիկ» հանդեսում, այնուհետև «Մասիս», «Անահիտ», «Արևելյան մամուլ», «Ազատանարտ» և այլ պարբերականներում հրատարակել է նովելներ, պատմվածքներ, գրականագիտական հոդվածներ, թարգմանություններ։

Եսայանի ստեղծագործական հասունության արտահայտությունը եղան «Սկյուտարի վերջալույսներ» (1905, «Արևելյան մամուլ»), «Կեղծ հանճարներ» (1905,«Արևելյան մամուլ»), «Հլուները և ըմբոստները» (1906, «Ազատ բեմ»), «Շնորքով մարդիկ» (1907) վիպակները, որոնք աչքի են ընկնում հոգեբանական վերլուծությունների խորությամբ, իրականության ռեալիստական պատկերմամբ։ Եսայանը 1908-ին վերադարձել է Կ.Պոլիս, Ադանայի ջարդերի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում 1909-ին մեկնել Կիլիկիա, «Ազատամարտ» թերթում տպագրել հոդվածներ աղետի մասին։ Կիլիկիայի հայության ողբերգությունը նկարագրել է «Ավերակներու մեջ» (1911) գրքում, «Անեծքը» (1911) և «Նոր հարսը» (1911) պատմվածքներում։ 1915-ին խույս տալով ձեռբակալությունից՝ ապաստանել է Թիֆլիսում, եղեռնի մասին հիշողություններ հրատարակել Բաքվի «Գործ» ամսագրում։

1918-ին Մերձավոր և Միջին Արևելքի երկրներում կազմակերպել է հայ տարագիրների և ողբերի հավաքման ու տեղավորման գործը։ Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորյալ» (1919) վիպակները, բողոքել քաղաքական և սոցիալական անարդարությունների դեմ։ 1926-ին այցելել է Հայաստան և ստացած տպավորություններն ամբողջացրել «Պրոմեթեոս ազատագրված» (1928) գրքում։ 1933-ին հաստատվել է Խորհրդային Հայաստանում։ Եսայանը հրատարակել է հոդվածներ՝ նվիրված գրականության ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ Մետեռլինկից («Մահը», «Իմաստություն ու ճակատագիր»)։