31 մայիսի 2006 - 14:33 AMT
Ա.Յունուսով. Հակամարտությունների կարգավորումից հետո Ռուսաստանն ուղղակի դուրս կմղվի Հարավային Կովկասից
Ռուսաստանում իշխանություններն ու փորձագետները վերջերս շատ են խոսում, որ Ռուսաստանի համար եւս շահավետ չէ սառեցված հակամարտությունների առկայությունը եւ նա, իբր, ցանկանում է հանգուցալուծել դրանք: Այդ մասին հայտարարել է Բաքվի Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի կոնֆլիկտաբանության դեպարտամենտի ղեկավար, քաղաքագետ Արիֆ Յունուսովը: «Մի շարք դեպքերում ես հավատում եմ այդ մասին խոսող փորձագետների անկեղծությանը: Սակայն, ցավոք, Ռուսաստանի իշխանությունների քաղաքականությունը վկայում է հակառակի մասին»,-նշել է նա: Յունուսովի խոսքերով, ներկայումս հետխորհրդային տարածքում աշխարհաքաղաքական առճակատում է գնում Արեւմուտքի երկրների, առաջին հերթին ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ: «Ռուսաստանում դա հիանալի հասկանում են: Ինչպես նաեւ այն, որ հակամարտության, ասենք ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո, Ռուսաստանն ուղղակի դուրս կմղվի Հարավային Կովկասից: Եվ դա նույնիսկ այնքան էլ մեծ գաղտնիք չէ: Սակայն ինչ կարող է հակադրել Ռուսաստանն այս ծրագրերին: Լուրջ ֆինանսներ չկան: Սակայն նույնիսկ եթե միջոցներ գտնվեն, գոնե ինչ-որ միջոցներ, չկա այն բանի գիտակցումը, որ հարկավոր է ներդրումներ անել նախկին խորհրդային հանրապետություններում իր ազդեցությունն ամրապնդելու համար»,-ընդգծել է ադրբեջանցի քաղաքագետը:

Յունուսովը համոզված է, որ դեռեւս Ռուսաստանի իշխող վերնախավի եւ փորձագետների մեծամասնության շրջանում տիրում են սովետական հայացքները նախկին խորհրդային հանրապետությունների հարցում: «Այդ պատճառով էլ հաճախ ստիպված ենք լինում կարդալ սովետական նաֆթալինի հոտ ունեցող հայտարարություններ «ժողովրդական զանգվածների» մոտալուտ ցասման մասին` ընդդեմ «ծախու իշխանությունների եւ ամերիկյան վարձկանների»: Իսկ սառեցված հակամարտություններն, այդ թվում նաեւ ղարաբաղյանը, հիանալի փաստարկ է ազդեցությունը պահպանելու համար մինչ այն ժամանակը, երբ Ռուսաստանը կամրապնդվի եւ կկարողանա կրկին ուժեղացնել իր ազդեցությունը նախկին խորհրդային հանրապետություններում»,-ասել է նա, հաղորդում է Day.az-ը: