27 օգոստոսի 2014 - 17:37 AMT
ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կդիմեն ՍԴ. Պահանջը նույնն է` սոցվճար դարձած կուտակայինը ճանաչել հակասահմանադրական

Օգոստոսի 27-ին ԱԺ ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների անդամները հանդիպել են, քննարկել «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի՝ Նպատակային սոցիալական վճարի հակասահմանադրական ճանաչման պահանջով Սահմանադրական դատարան դիմելու հարցը: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ Սահմանադրական դատարան դիմելու հարցով համապատասխան դիմում են պատրաստում:

«Խնդրի հետ կապված մյուս մեր քաղաքական գործընկերը՝ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», իրենց հայտարարություններով կարծես այդքան էլ այդ քայլը չեն ընդունել: «Բարգավաճ Հայաստանն» ավելի հակված է դրան գնալ: Դա է խնդիրը, որ երկուսով ենք հանդիպել»,- ասել է Ռուստամյանը, գրում է Panorama.am-ը:

Մինչև այդ՝ օգոստոսի 23-ին, «Բազե-2014»-ի ճամբարական լրագրողների հետ հանդիպմանը նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, թե իր կարծիքով, Կառավարությունն այլևս չի անդրադառնա «Կուտակայինի» հարցին:

Նախագահը նշել է, թե Կառավարությունը չի կարող ցանկացած հարցի, այդ թվում՝ շատ բարդ հարցի, ամեն ամիս անդրադառնալ, այլապես դա լուրջ չի լինի:

«Ես կարծում եմ՝ կառավարությունը լրջորեն խորհել է, անդրադարձել է, որոշում է ընդունել և այդ որոշումն ստացել է օրենքի նախագծի տեսք, նախագիծն ուղարկվել է Ազգային ժողով, Ազգային ժողովն ընդունել է համապատասխան օրենք, ընդ որում՝ դա արել է նոր կառավարությունը: Կարծում եմ՝ այս առումով մենք ուրիշ ակնկալիք չպետք է ունենանք, առավել ևս, որ իմ տեսակետին, կարծում եմ, բոլորդ ծանոթ եք. ես կողմ եմ կենսաթոշակային այն համակարգին, այն բարեփոխումներին, որ նախկին կառավարությունը ներկայացրել էր: Մենք հարգում ենք քաղաքացիական հասարակության կարծիքը: Իհարկե, այդ կարծիքը մեր որոշումների վրա ազդեցություն ունենում է, բայց համաձայնեք՝ եթե որոշում ընդունողները մենք ենք, պատասխանատուն մենք ենք, ապա մենք չենք կարող բոլորի կարծիքը հաշվի առնել, առավել ևս, որ կարծիքների մեծ բազմազանություն կա: Որ կարծիքն էլ հաշվի առնենք, միևնույն է, դժգոհներ լինելու են»,- ասել էր Սերժ Սարգսյանը: