28 օգոստոսի 2014 - 12:57 AMT
Թուրքիայի արտաքին քաղաքականությունում միայն 2 խնդիր կա` Հայաստան և Կիպրոս. Դավութօղլուն ներկայացրել է իր մանիֆեստը

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ ընտրված Ահմեթ Դավութօղլուն, ելույթ ունենալով կուսակցության համագումարում, ներկայացրել է իր` 9 կետից բաղկացած մանիֆեստը:

Դավութօղլուն այդ 9-ը կետում ներկայացրել է երկրի տնտեսության, մշակույթի, արտաքին քաղաքականության, արդարադատության ոլորտներում, ինչպես նաև` հակամարտությունների կարգավորման գործընթացներում և այլ հարցերում կուսակցության անելիքները:

Ermenihaber կայքը` թուրքական «Միլլիյեթ» թերթին հղումով գրում է, որ մանիֆեստի 9-րդ` «արտաքին քաղաքականություն» կոչվող կետը վերաբերում է Հայկական հարցին:

«2001 թվականից սկսած արտաքին քաղաքականություն ասելիս հասկանում ենք արտաքին հարաբերություններ: Արտաքին քաղաքականության ամբողջ օրակարգը կազմված է Կիպրոսի ու Հայկական հարցերից: Հիմնարար սկզբունքներից երբեք չենք հրաժարվելու»,- սահմանում է վերոնշյալ կետը:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն դարձել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուն` երկրի վարչապետի պաշտոնի համար: Որոշումն ընդունվել է օգոստոսի 21-ին Անկարայում` կուսակցության կենտրոնական գործադիր կոմիտեի նիստում:

Կառավարության ներկայիս ղեկավար Թայիփ Էրդողանն օգոստոսի 10-ին հաղթել է երկրի պատմության մեջ առաջին ուղիղ նախագահական ընտրություններում(1923-ից ի վեր): «Արդարություն և զարգացում» կուսակցությունը 2002-ից մեծամասնություն է կազմում նաև թուրքական խորհրդարանում, նրա ներկայացուցիչները զբաղեցրել են նախագահի (Աբդուլա Գյուլը 2007-ից) և վարչապետի (Էրդողանը 2003-ից) պաշտոնները: Գյուլն ավելի վաղ հայտարարել էր, որ Դավութօղլուն նախ կդառնա «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ, ապա և կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:

Նորընտիր նախագահն իր հերթին հայտարարել է.«Մենք երկար խորհրդակցություններ ենք անցկացրել քաղաքապետերի, պատգամավորների, ՀԿ-ների, հասարակ քաղաքացիների հետ… Այսօր մենք հանգել ենք վերջնական որոշման: Գուցե ես մի փոքր շտապում եմ, բայց մեր կուսակցության նախագահի, ինչպես նաև երկրի 62-րդ կառավարության վարչապետի թեկնածու է ընտրվել արտգործնախարար, մեր ընկեր ու դաշնակից Ահմեթ Դավութօղլուն»:

Նա հավելել է, որ անցկացված խորհրդակցությունների մասնակիցների կարծիքով` «երկրի վարչապետի ուժը կբազմապատկվի, եթե նա նաև լինի կուսակցության ղեկավար»: Էրդողանը հայտարարել է, որ կուսակցության ղեկավարի պաշտոնում Դավութօղլուի թեկնածությունը կհաստատվի օգոստոսի 27-ին` կուսակցության խորհրդի արտահերթ նիստում:

Դավութօղլուին վարչապետ նշանակել Էրդողանը կարող է միայն նախագահի պարտականությունները օգոստոսի 28-ն ստանձնելուց հետո:

55-ամյա Դավութօղլուն ԱԳՆ-ն ղեկավարել է 2009-ից, մինչև այդ մշակել է Թուրքիայի արտաքին քաղաքականության «Զրո խնդիր հարևանների հետ» դոկտրինը: