29 օգոստոսի 2014 - 12:46 AMT
«Միկա» մարզադաշտը հանձնեցին ֆիննախին. «Արմավիան» պետությանը պարտք է ևս 15 մլրդ դրամ

«Միկա» մարզադաշտը օգոստոսի 27-ին ԴԱՀԿ պաշտոնական կայքում հնվել էր աճուրդի` 9 մլրդ 45 մլն դրամ մեկնարկային գնով: «Միկա քորփորեյշն» ընկերությանը պատկանող Մանանդյան 41 հասցեում գտնվող 3658.9 քմ ընդհանուր մակերեսով կոմպլեքսը Կառավարության օգոստոսի 28-ի նիստում ընդունված որոշման համաձայն հանձնվել է ՀՀ ֆինանսների նախարարությանը` «Արմավիա» ավիաընկերության պետությանն ունեցած 9 միլիարդ դրամի պարտքի դիմաց:

Սակայն ավելի ուշ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը հայտնել էր, որ «Միկա» մարզահամալիրի` նախարարության հաշվեկշռում ամրագրելու մասին որոշումով «Արմավիա» ընկերության պարտքն ամբողջությամբ չի մարում:

Բանն այն է, որ «Արմավիան» և «Միկա Քորփորեյշնը» պետբյուջեին պարտք են 24 միլիարդ դրամ, այսինքն` մարվում է պարտքի միայն մի մասը:

ՀՀ կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է «Արմավիա»-Ավիաընկերություն ՍՊԸ և «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ ՀՀ պետբյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունների դիմաց` ԴԱՀԿ ծառայության կողմից հայտարարված անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդի ընթացքում գնորդ չլինելու հիմքով չկայանալու դեպքում ընդունել հարկադիր կատարողի առաջարկը պարտքի դիմաց 9 մլրդ դրամ արժեքով «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ պատկանող Երևանի Մանանդյան փողոց N 41 հասցեում գտնվող անշարժ գույքը և ամրագրել ՀՀ ֆինանսների նախարարության հաշվեկշռում:

Սաֆարյանը նաև նշել է, թե տեղյակ չէ` որքան ժամանակում և ինչի արդյունքում է «Արմավիան» կուտակել պարտքը:

«Կամ պետք է աճուրդ հայտարարվի ու գույքն իրացվի, կամ, եթե ոչ, պետք է ընկերությունը սնանկ ճանաչվի»,- նշել է փոխնախարարը` հավելելով, որ պարտքերն արձանագրվել են կառավարման համակարգի ու գործող օրենսդրության միջոցով: Մնում է կատարել անհրաժեշտ ձևակերպումները և ընկերությանը տույժերի ենթարկել:

Սաֆարյանը պարզաբանել է, որ Կառավարության որոշմամբ` անշարժ գույքը ոչ թե տալիս են նախարարությանը` որպես սեփականություն և նախարարության աշխատակիցների տնօրինությանը, այլ` այս դեպքում նախարարությունը Կառավարության կողմից լիազորված անձ է:

Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը 2013-ի ապրիլի 1-ից դադարեցրել է թռիչքները և հայտարարել սնանկացման գործընթաց սկսելու մասին: ՀՀ կառավարությունը, ի դեմս պետեկամուտների կոմիտեի, դատական հայց էր ներկայացրել ընդդեմ «Արմավիա» ընկերության: Մայիսի 22-ին ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ հայցը կապված է օդի հարկի գանձումների հետ: Ֆինանսների նախարարը հայտնել էր նաև, որ «Արմավիային» այլ պարտատերեր էլ են դատի են տվել, իսկ պետության հետ պարտավորությունների վերջնահաշվարկ դեռ չի կատարվել:

2013-ի հունիսի 6-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը: Հոկտեմբերի 23-ին կառավարության նիստում հաստատվեց McKinsey & Company ընկերության ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ հետազոտության վրա հիմնված «Հայաստանում ավիափոխադրումների մրցունակ ու տևական ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը»:

Photo: Waelcon