31 մայիսի 2006 - 19:30 AMT
Ռուսաստանը սեփական նպատակները չի հետապնդում ղարաբաղյան գործընթացում
Ռուսաստանը սեփական նպատակները չի հետապնդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում եւ կպաշտպանի յուրաքանչյուր որոշում, որը կընդունեն թե' հայկական, թե' ադրբեջանական կողմերը: Այդ մասին հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը` մեկնաբանելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ ուժեր մտցնելու հնարավորության վերաբերյալ հայտարարությունը:

«Իրավիճակը Լեռնային Ղարբաղում բավականին բարդ է մնում, եւ Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել յուրաքանչյուր որոշում, որը կընդունեն Հայաստանն ու Ադրբեջանը: Եթե կողմերը երկկողմանի համաձայնության հասնեն այն առումով, որ այդ վիճելի տարածաշրջանում հայտնվի խաղաղապահ կոնտինգենտ, Ռուսաստանը պետք է պաշտպանի նման նախաձեռնությունը եւ աջակցի դրա իրագործմանը»,- ընդգծել է դումայի կոմիտեի ղեկավարը, հայտնում է «Էխո Մոսկվի» թերթը:

Նշենք, որ Բաքվում ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը գտնվող Սերգեյ Իվանովը չի բացառել ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությունը: «Ինչ վերչաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա հնարավոր է , որ առաջիկայում այնտեղ կարող են խաղաղապահ ուժեր հայտնվել երեշխավորելու համար բոլոր համաձայնությունների կատարումը, որոնք վաղ թե ուշ կհաստատվեն»,-ասել է ՌԴ ՊՆ ղեկավարը: