1 սեպտեմբերի 2014 - 12:12 AMT
Նազարբաևը՝ ԵՏՄ-ից դուրս գալու հավանականության մասին. «Ղազախստանի անկախությունն ամենաթանկ գանձն է մեզ համար»

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ իր երկիրը կարող է դուրս գալ Եվրասիական միությունից, որին անդամակցում են նաև Ռուսաստանն ու Բելառուսը: Աստանայում «Խաբար» հեռուստաալիքին տված հարցազրույցում Նազարբաևն ասել է. «Եթե պայմանագրում ամրագրված կանոնները չեն կատարվում, ապա Ղազախստանն իրավունք ունի հրաժարվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից: Աստանան երբեք չի անդամակցի կազմակերպություններին, որոնք սպառնալիք են Ղազախստանի անկախության համար»:

«Անկախությունը մեր ամենաթանկ գանձն է, որի համար պայքարում էին մեր պապերը: Առաջինը, մենք երբեք չենք հանձնի մեր անկախությունը, երկրորդը՝ ամեն ինչ կանենք այն պաշտպանելու համար»,- ասել է նա: Նազարբաևը երկիրը գլխավորում է անկախացման օրվանից, նա եղել է Ղազախական ԽՍՀ առաջին ու վերջին նախագահը, իսկ հետո դարձել է այդ պետության առաջին ու միակ նախագահը: 2011-ի ընտրություններում նրա օգտին է քվեարկել ընտրազանգվածի 95 տոկոսը, հայտնում է NEWSru .com-ը:

ԶԼՄ-ները ենթադրում են, որ Ղազախստանի ղեկավարի դեմարշի պատճառը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ելույթն էր «Սելիգեր» երիտասարդական հավաքի ժամանակ, որտեղ նա հայտարարել էր, թե Նազարբաևը պետություն ստեղծեց մի տարածքում, «որտեղ պետականություն երբևէ չէր եղել»:

Սակայն Նազարբաևի հարցազրույցը հրապարակվել է Ռուսաստանի նախագահի ելույթից երկու օր առաջ: «Էխո Մոսկվիի» հաղորդագրության համաձայն, Ղազախստանի բնակիչները արձագանքել են Ռուսաստանի նախագահի հայտարարությանը «Պատմության դասագիրք ուղարկիր Պուտինին» ակցիայով, ինչը հիշեցնում է ուկրաինական սցենարը:

Ավելի վաղ Հայաստանում Ղազախստանի դեսպան Այիմդոս Բոզժիգիտովը հայտարարել էր, թե իր երկիրը որևէ առարկություն չունի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության դեմ: Նա նշել էր, որ գործընթացը զուտ տեխնիկական բնույթի է և ոչ մի ձգձգում չկա:

«Ղազախստանը շատ բարեհաճ է վերաբերվում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը: Ղազախստանի նախագահը ստորագրել է «ճնապարհային քարտեզը», այնպես որ չկա ոչ մի հակասություն կամ հակազդեցություն: Տեխնիկական գործընթացը ժամանակ է պահանջում: Սկզբում դա փաստաթղթերի համաձայնեցման անհրաժեշտությունն էր, իսկ հիմա Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը պետք է քննարկեն միության սահմանադիր երկրների կառավարությունները»,-պարզաբանել էր դեսպանը:

Դիտողությանը, թե ինչու այդ դեպքում Ղազախստանի նախագահ Նազարբաևն Աստանայում մեջբերեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին և ինչու հայտարարեց, թե Աստանան կստորագրի «ճաապարհային քարտեզը», բայց «հատուկ կարծիքով», Ղազախստանի դեսպանն ասաց, որ այնուամենայնիվ փաստաթուղթը ստորագրվեց առանց «հատուկ կարծիքի»:

«Գագաթնաժողովն անցնում էր Աստանայում, և, բնականաբար, համակարգողը Ղազախստանի նախագահն էր, ուստի ինքը ստացավ նամակը: Չեմ կարող ասել՝ արդյոք գիտեր այդ նամակի մասին Սերժ Սարգսյանը, թե ոչ, սակայն տարբեր պետություններ կարող են նամակներ ուղարկել: Եվ թե ինչու հատկապես Նազարբաևն ընթերցեց նամակը, ես արդեն ասացի՝ Աստանայի գագաթաժողովի համակարգողը Ղազախստանի նախագահն էր»,-պարզաբանել է դեսպանը: Այն պնդումները, թե Ղազախստանը ներկայացնում է Ադրբեջանի շահերը, Բոզժիգիտովն անհիմն է համարում:

Մինչ այդ Մինսկում Մաքսային միության անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանը նախագահ Նազարբաևը հայտարարել էր, թե հոկտեմբերի 10-ին Մինսկում բանակցություններ կանցնեն, որի շրջանակում նախատեսվում է լուծել ԵՏՄ-ին Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցության հարցը: Պաշտոնական Երևանը չմեկնաբանեց Նազարբաևի հայտարարությունը:

Օգոստոսի 14-ին Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ՌԴ նախագահի ստորագրմանը ներկայացնելու առաջարկության մասին որոշումը: Այս մասին ասվում է ՌԴ կառավարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտարարեց, որ անդամակցության մասին պայմանագիրը պետք է վավերացնեն նաև Ղազախստանն և Բելառուսը, ինչից հետո նոր միայն դա կարող է անել նաև Հայաստանը:

«Չեմ կարծում, թե դա մոտ օրերս կլինի: Դա կլինի միայն համաձայնեցումից հետո»,- նշել է նախարարը` հավելելով, որ կոնկրետ ժամկետի մասին տեղեկություն չունի:

Միժամանակ նա նշեց, որ հայկական կողմը տեղեկություն չունի, թե երբ պայմանագրի նախագծին հավանություն կտան Ղազախստանն ու Բելառուսը:

Ճշմարիտյանը հայտարարել է նաև, որ ՄՄ մասին համաձայնագիրը չի նախատեսում մաքսակետի տեղադրում Հայաստանի ու ԼՂՀ միջև:

«Մաքսային միության ձևավորման մասին փաստաթղթում չկա դրույթ, որով նախատեսվում է մաքսակետի տեղադրում Հայաստանի ու ԼՂՀ միջև»,-ասել է Ճշմարիտյանը:

Սոչիում օգոստոսի 9-ին տեղի ունեցած երկկողմ հանդիպման ժամանակ Հայաստանի և ՌԴ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության ժամկետն ու պայմանները, որի վերաբերյալ փաստաթուղթը կարող է ստորագրվել արդեն աշնանը:

Հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է լրագրողներին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերին: «Մինչև հոկտեմբերի վերջ մենք կանդամակցենք ԵՏՄ-ին: Մնացածի մասին կհայտնի կառավարության մամուլի ծառայությունը»,-ասել է Աբրահամյանը:

Այն մասին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի առաջիկայում, հայտարարվել է հուլիսի 11-ին Սոչիում Հովիկ Աբրահամյանի և նրա ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ավարտին:Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, զրույցի ժամանակ Աբրահամյանն ու Մեդվեդևը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ և վստահություն են հայտնել, որ աճը կշարունակվի նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո: