1 հունիսի 2006 - 14:39 AMT
Բաքուն չի բացառում ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությունը
Պաշտոնական Բաքուն հավասարակշռված է համարում Ռուսաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորության մասին «տեսանելի ապագայում»: Ադրբեջանի ԱԳՆ տեղեկատվության վարչության ղեկավար Թաիր Թաղիզադեն գտնում է, որ այդ հայտարարությունը վկայում է շահագրգռվածության մասին ղարաբաղյան կարգավորման հարցում: Մեկնաբանելով ՌԴ պաշտպանության նախարարի արտահայտությունները` Թ.Թաղիզադեն նշել է նաեւ, որ խաղաղապահների տեղակայման հնարավորությունը նախատեսված է կարգավորման բաղադրիչներից մեկով, որոնք այժմ քննարկում են ղարաբաղյան հակամարտության կողմերը: «Կարգավորման քննարկվող 8-10 բաղադրիչների թվում նախատեսված են անվտանգության ապահովման միջոցներ: Այդ համալիրի համատեքստում չի կարելի բացառել ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հնարավորությունը»,-ասել է նա:
Ընդ որում դիվանագետը նշել է, որ ըստ կողմերի նախնական պայմանավորվածության, խաղաղապահ կոնտինգենտը ղարաբաղյան հակամարտության գոտում չպետք կազմված լինի տարածաշրջանի երկրների, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների (Ռուսաստան, ԱՄՆ եւ Ֆրանսիա) ներկայացուցիչներից, հաղորդում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»: