1 սեպտեմբերի 2014 - 17:32 AMT
Պուտինը կարգադրել է ստորագրել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության մասին պայմանագիրը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին կարգադրել է ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը:

Ըստ փաստաթղթի, Պուտինն ընդունել է կառավարության առաջարկը ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին: «Համարել նպատակահարմար պայմանագրի ստորագրումը, նախատեսված սույն կարգադրությամբ, Գերագույն Եվրասիական տնտեսական միության նիստում պետությունների ղեկավարների մակարդակով», ասվում է ՌԴ նախագահի կարգադրության մեջ:

Օգոստոսի 7-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին:

Օրերս Մինսկում Մաքսային միության անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ավարտին նվիրված ճեպազրույցում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում կանցնեն բանակցություններ, որի շրջանակում նախատեսվում է լուծել ԵՏՄ-ին Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցության հարցը:

Օգոստոսի 9-ին Սոչիում կայացած հանդիպմանը Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկեցին ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի միանալու ժամկետներն ու պայմանները: Ինչպես ասաց ՌԴ նախագահը, փաստաթուղթը կարող է ստորագրվել արդեն աշնանը:

Հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է լրագրողներին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերին: «Մինչև հոկտեմբերի վերջ մենք կանդամակցենք ԵՏՄ-ին: Մնացածի մասին կհայտնի կառավարության մամուլի ծառայությունը»,-ասել է Աբրահամյանը:

Այն մասին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի առաջիկայում, հայտարարվել է հուլիսի 11-ին Սոչիում Հովիկ Աբրահամյանի և նրա ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ավարտին:Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, զրույցի ժամանակ Աբրահամյանն ու Մեդվեդևը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ և վստահություն են հայտնել, որ աճը կշարունակվի նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո: