Այսօր՝ սեպտեմբերի 4-ին Ուելսում բացվում է ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովը, որի առանցքային թեմաներից է իրավիճակն Ուկրաինայում:
Ակնկալվում է նաև, որ գագաթնաժողովը հավանություն կտա ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ստեղծմանը: Բացի այդ, կքննարկվեն գործընկեր երկրների հետ հետագա գործակցության ծրագրերը: Ֆինլանդիան ու Շվեդիան նպատակ ունեն խորացնել և ամրապնդել գործընկերային հարաբերությունները Դաշինքի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, որտեղ մասնակցելու է Նյուպորտում սեպտեմբերի 4-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում: Սերժ Սարգսյանը նաև ելույթ կունենա:
Ինչպես գրել է Twitter –ում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, «Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն այսօր կմասնակցեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, և դա մեր ընդհանուր արժեքների ու նպատակների ակնհայտ ցուցանիշ է»:
Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել էր, որ չի բացառում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման հավանականությունն Ուելսում: Սակայն այս տեղեկությունը չհաստատեց ոչ Երևանը, ոչ Բաքուն: