4 սեպտեմբերի 2014 - 18:44 AMT
Սարգսյան-Ալիև-Քերրի եռակողմ հանդիպումը մեկնարկել է (թարմացված)

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին սեպտեմբերի 4-ին Ուելսում նույն ժամին (տեղական ժամանակով ժամը 17:30-ին, Երևանի` 20:30-ին) կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետդեպի կայքում տեղադրված հաղորդագրությունում, որտեղ ներկայացվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Քերրիի հանդիպումների օրակարգը:

Ինչպես ավելի ուշ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է նախագահի մամուլի խոսնակ Արման Սաղաթելյանը, Քերրի-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպում է մեկնարկել:

Հյուսիսատլանտյան դաշինքի երկօրյա գագաթնաժողովը մեկնարկել է այսօր՝ սեպտեմբերի 4-ին: Դրան մասնակցում է կառույցի անդամ, ինչպես նաև գործընկեր 60 պետության առաջնորդ, այդ թվում` Հայաստանի նախագահը: Սերժ Սարգսյանը նաև ելույթ է ունենալու:

Twitter-ի իր միկրոբլոգում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր գրել էր, թե «Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն կմասնակցեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, և դա մեր ընդհանուր արժեքների ու նպատակների ակնհայտ ցուցանիշ է»:

Ավելի վաղ Ուորլիքը նշել էր, որ չի բացառում Ուելսում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման հավանականությունը: Սակայն այս տեղեկությունը ոչ Երևանը, ոչ էլ Բաքուն չէին հաստատել:

Նա նաև նշել էր, որ պետքարտուղար Քերրին պատրաստ է անձամբ դեր խաղալ այս հակամարտության կարգավորման հարցում, եթե նրա մասնակցությունը կարող է օգնել: Նա նաև կողմերին կոչ էր արել լուրջ վերաբերվել այս հնարավորություններին: «Խոսքը միայն արտգործնախարարների կամ նախագահների հանդիպում անցկացնելու մասին չէ: Պետք է գործընթացը բարձրացնել նոր մակարդակի, որ այն խաղաղ համաձայնության հանգեցնի: Այնպես որ, եկեք սկսենք»,- նշել էր դիվանագետը:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, որտեղ մասնակցելու է Նյուպորտում սեպտեմբերի 4-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում:

Վերջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել են օգոստոսի 10-ին՝ Սոչիում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպմանը։ Նախագահները հաստատել էին ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները:

Photo from Arman Saghatelyan's Twitter