5 սեպտեմբերի 2014 - 12:23 AMT
Ուորլիք. Սարգսյանի ու Ալիևի հետ Քերրիի հանդիպումն արդյունավետ էր

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում մեկնաբանել է սեպտեմբերի 4-ին Նյուպորտում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի եռակողմ հանդիպումը:

«Ջոն Քերրին Լեռնային Ղարաբաղի հարցով արդյունավետ բանակցություններ է անցկացրել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ: Մենք պատրաստ ենք օգնել»,- գրել է դիվանագետը:

Հանդիպումը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին և հեռանկարին վերաբերող հարցեր: Կողմերը ներկայացրել են իրենց երկրների դիրքորոշումները բանակցային գործընթացում, տեղեկացնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 3-ին աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, որտեղ Նյուպորտում սեպտեմբերի 4-ին մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը․ վերջինս անցնում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակում:

Պետքարտուղար Քերրին իր խոսքում ևս մեկ անգամ ընդգծել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը, իրավիճակի լարման բացառումը և կոչ արել գտնել մեխանիզմներ՝ հակամարտության լարման թուլացման և կողմերի միջև վստահության միջոցների ամրապնդման համար:

Ջոն Քերրին կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով բանակցությունների շարունակումը և իր պատրաստակամությունը հայտնել հնարավորինս աջակցելու հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղիների որոնմանը: ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ ընդգծել է, որ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու գործում չափազանց կարևոր է կողմերի քաղաքական կամքը:

Վերջին անգամ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել են օգոստոսի 10-ին՝ Սոչիում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպմանը։ Նախագահները հաստատել էին ղարաբաղյան հիմնախնդիրը խաղաղ բանակցությունների միջոցով լուծելու պատրաստակամությունը: Իր խոսքում նախագահ Սարգսյանը նշել էր, որ հիմնախնդիրը պետք է լուծել փոխզիջման և այն սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկել են Մինսկի խմբի համանախագահները: