5 սեպտեմբերի 2014 - 17:23 AMT
Ավստրիայի ԱԳ նախարարն ու Հունաստանի նախագահը ՀՀ կայցելեն

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով Հայաստանում կգնտվի Ավստրիայի Հանրապետության Եվրոպայի, ինտեգրացիայի և արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ավստրիայի արտգործնախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Սեպտեմբերի 8-ին տեղի կունենան Հայաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին կհետևի համատեղ մամլո ասուլիս։

Նույն օրը Ավստրիայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այցի շրջանակում Ավստրիայի արտգործնախարարը ներկա կգտնվի Հայաստանում Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի բացման արարողությանը:

Նախատեսվում է նաև Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի այցը Հայաստան: Այցելության հստակ օրը դեռ հայտնի չէ: Նախապատրաստական աշխատանքները քննարկվել են Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էվանգելոս Վենիզելոսի հանդիպմանը Նյուպորտում:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ գործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակում: Հունաստանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել և աջակցություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ ջանքերին: