Տարեվերջին պատրաստ կլինի ՄՄ և Վիետնամի միջև ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը: Նման որոշում է կայացվել Առևտրատնտեսական և գիտատեխնիկական գործակցության միջկառավարական ռուս-վիետնամական հանձնաժողովի 17-րդ նիստում, որն անցել է Վլադիվոստոկում:
«Մենք քննարկեցինք հաշվարկների մեխանիզմը երկրների միջև ազգային արժույթով առևտրային գործողությունների համար: Ազգային արժույթով առևտրի գծով աշխատանքային խումբ կստեղծվի»,- ասել է ճեպազրույցում ՌԴ կառավարության առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը:
Ըստ նրա, նիստում քննարկվել են նաև Վիետնամի ու Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրին առնչվող հարցեր: «Պայմանագիրը պատրաստ կլինի մինչև տարեվերջ»,- ասել է առաջին փոխվարչապետը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագրի վերջնական տարբերակը սեպտեմբերի սկզբին ուղարկվել է անդամ երկրների և ՀՀ կառավարություններին, հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը:
«ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի վերջնական տարբերակը ուղարկվել է Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարություններին: Յուրաքանչյուր երկրում անհրաժեշտ ներպետական ընթացակարգով անցնելուց հետո՝ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին 2014 թ. մայիսի 29-ի պայմանագիրը կներկայացվի նախագահների ստորագրմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագրի ստորագրման վերջնական ամսաթիվը կորոշեն չորս երկրների նախագահները:
Չի բացառվում, որ փաստաթուղթը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում՝ ԵՏՄ անդամ պետությունների նախագահների բանակցությունների ավարտին:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին կարգադրեց ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը:
Ըստ փաստաթղթի, Պուտինն ընդունել է կառավարության առաջարկը ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին: «Համարել նպատակահարմար պայմանագրի ստորագրումը, նախատեսված սույն կարգադրությամբ, Գերագույն Եվրասիական տնտեսական միության նիստում պետությունների ղեկավարների մակարդակով», ասվում է ՌԴ նախագահի կարգադրության մեջ:
Օգոստոսի 7-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին: Օրերս Մինսկում Մաքսային միության անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ավարտին նվիրված ճեպազրույցում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում կանցնեն բանակցություններ, որի շրջանակում նախատեսվում է լուծել ԵՏՄ-ին Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցության հարցը:
Օգոստոսի 9-ին Սոչիում կայացած հանդիպմանը Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկեցին ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի միանալու ժամկետներն ու պայմանները: Ինչպես ասաց ՌԴ նախագահը, փաստաթուղթը կարող է ստորագրվել արդեն աշնանը:
Հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է լրագրողներին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերին: «Մինչև հոկտեմբերի վերջ մենք կանդամակցենք ԵՏՄ-ին: Մնացածի մասին կհայտնի կառավարության մամուլի ծառայությունը»,-ասել է Աբրահամյանը: Այն մասին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի առաջիկայում, հայտարարվել է հուլիսի 11-ին Սոչիում Հովիկ Աբրահամյանի և նրա ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ավարտին:Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, զրույցի ժամանակ Աբրահամյանն ու Մեդվեդևը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ և վստահություն են հայտնել, որ աճը կշարունակվի նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո: