6 սեպտեմբերի 2014 - 12:52 AMT
ԱԳ նախարարի հոդվածը Le Figaro-ում. Հուսով եմ՝ Էրդողանը 2015-ի ապրիլի 24-ին իր հնարավորությունը չի կորցնի

Ֆրանսիական Le Figaro-ում որոշակի կրճատումներով հրապարակվել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը, որտեղ նա անդրադառնում է Հայոց ցեղասպանության թեմային:

Նախարար Նալբանդյանը նախ նշում է միջազգային հարաբերություններում առկա բաց թողնված հնարավորությունները, որոնցից են Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի նախօրեին և հետո Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն ու դրան հաջորդած այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների մեկնաբանությունները:

«Ընդհանուր ցավի», «արդար հիշողության» շինծու դրույթները դժվար թե որևէ մեկին կարող են մոլորեցնել: Հատկապես, երբ Ահմեդ Դավութօղլուն է ընդգծում. «Էրդողանի հայտարարության հիմնական նպատակը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ամբողջ աշխարհում գործադրվող ջանքերի խափանումն է»: Հաշտեցմանն ուղղված կոնկրետ քայլերի փոխարեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ հանցակցության կոչեր են արվում:

Դժվար է գտնել մի ազգ, որը կարոտով կհիշի դարեր շարունակ կրած ճնշումներն իր նախնյաց հայրենիքում: Ոչ մի ճնշված ազգ չի կարող կարոտով հիշել Օսմանյան կայսրությունը: Ինչպես այլ կայսրություններ, Օսմանյան կայսրությունը ստեղծվել և բռնությամբ պահպանվում էր իր շատ քաղաքացիների հիմնարար իրավունքները և ազատությունները ճնշելու միջոցով»,- նշում է հոդվածագիրը:

Նախարարին ապշեցնում է Դավութօղլուի կողմից քրիստոնյաների և մահմեդականների կրած տառապանքների վերաբերյալ արևմտյան և թուրքական ընկալումների տարբերակումը: Նրա խոսքով, Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայերի կամ Արևմուտքի պատմության և հիշողության, այլև մահմեդական աշխարհի հիշողության մասն է:

«Շատ մահմեդական պատմաբաններ են բնորոշում հայերի կոտորածները որպես ցեղասպանություն, իսկ արաբ պատմաբան Մուսա Փրինսն օգտագործել է «արմենոցիդ» եզրույթը` բնորոշելով այն որպես «ամենացեղասպան ցեղասպանություն»:

Արհեստական քաղաքական քայլերի և կոչերի կարիք չկա հանուն «արդար հիշողության», քանի դեռ նրանք, ովքեր համարձակվում են իրենց տեսակետն ազատորեն արտահայտել, սպանվում են, ինչպես Հրանտ Դինքը կամ աքսորվում, ինչպես Օրհան Փամուկը, կամ էլ կալանավորվում են, ինչպես Ռագըփ Զարաքоլուն»:

Նալբանդյանը նշում է, որ Դավութօղլուն կրկնում է «ճշմարտությունը պարզելու համար» պատմաբանների հանձնաժողով ստեղծելու նույն հին երգը: Ի պատասխան նույն առաջարկի` ցեղասպանագիտության ասպարեզում ամենահեղինակավոր միջազգային հաստատություններից մեկը` Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, կոչ է արել թուրքական կառավարությանն ընդունել այն, ինչն ապացուցվել է շատ վաղուց:

Տասնամյա վաղեմության վերաշարադրված կամ վերաձևակերպված կոչերը կրկնելու փոխարեն մենք կարիք ունենք իրական և կոնկրետ քայլերի: Ցյուրիխյան արձանագրությունների վավերացումը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, սահմանների բացումը կարող են ուղի հարթել մեր երկու ժողովուրդների հաշտեցման բարդ ճանապարհին: Պատմական հարթության ենթահանձնաժողովը, ինչպես նախատեսված է արձանագրություններով, կարող է հաստատել երկխոսություն երկու ազգերի միջև փոխադարձ վստահությունը վերականգնելու նպատակով: Դա հնարավոր չի լինի անել՝ հարցականի տակ դնելով Հայոց ցեղասպանության եղելությունը:

Առաջնորդվելով 1948-ին «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման կոնվենցիայով» սահմանված ցեղասպանության փաստը ժխտելու ակնհայտ մտադրությամբ` Էրդողանն իր ուղերձում ևս մեկ անգամ ընդգծում է, որ այն, ինչ տեղի է ունեցել 1915-ին, «տեղի է ունեցել անկախ կրոնից և էթնիկ ծագումից»: Հոդվածագիրը հիշեցնում է, որ 1915-ի մայիսի 24-ին Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան ընդունեցին հատուկ հռչակագիր, որտեղ նրանք նախազգուշացրեցին հայ ժողովրդի դեմ կոտորածներ իրականացնողներին իրենց անձնական պատասխանատվության մասին «մարդկության և քաղաքակրթության դեմ Թուրքիայի գործած այս նոր հանցագործությունների համար»: «Կասկածից վեր է, որ Հայոց ցեղասպանությունը կազմակերպվել է ցեղասպան մտադրությամբ: Մինչդեռ, թուրք պաշտոնյաների կողմից փորձ է արվում հավասարության նշան դնելու պատերազմի կորուստների և հայերի համակարգված բնաջնջման միջև, որի արդյունքում միլիոնավոր իմ նախնիներ կորցրեցին իրենց կյանքը, տները, հողերը, ունեցվածքը: Դա փորձ էր խլելու Օսմանյան կայսրությունում ապրող միլիոնավոր հայերի կյանքի իրավունքը, ինչպես նաև իրենց անցյալը»:

Հարցազրույցներից մեկում Էրդողանը հռետորական հարց է տալիս. «եթե այդպիսի ցեղասպանություն տեղի ունեցած լիներ, արդյո՞ք այս երկրում ապրող հայեր կլինեին»: Այսօր մեծաքանակ հրեաներ են ապրում Գերմանիայում, բայց ոչ ոք չի հանդգնում հարցականի տակ առնել Հոլոքոստի իրողությունը: Կամ ինչպե՞ս կարելի է խոսել «տեղահանության» մասին, երբ 1.5 միլիոն մարդ է մահացել կամ սպանվել: Ծրագրավորված մարդկանց քշելը դեպի անապատներ, նրանց սովամահության հասցնելը, մեծ մասին սպանելը «տեղահանություն» չէ, այլ «մահվան արշավ». դա ցեղասպանություն է:

Նախարար Նալբանդյանը նշում է, որ Ցեղասպանության ժխտումը, անպատժելիության մթնոլորտը ճանապարհ հարթեցին մարդկության դեմ նոր հանցագործությունների կրկնության համար: Ցեղասպանագետների կողմից ցեղասպանության ժխտումը դիտվում է որպես հանցագործության վերջին փուլ: Անգամ եթե գտնվում են դեռ սակավաթիվ անձինք, ովքեր շարունակում են ժխտել Հայոց ցեղասպանությունը, չի նշանակում, որ առկա է բանավեճ այս հարցի շուրջ:

Ինչպես Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած Էսթեր Մուժավայոն վերջերս նշեց Ժնևում տեղի ունեցած ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան քննարկման ժամանակ. «Այսօր հայերի չորրորդ սերունդն է, որ դեռևս սպասում է»: Ոչ միայն հայերը, այլ ամբողջ միջազգային հանրությունը գրեթե 100 տարի է, ինչ սպասում է, որ Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը: […] Թուրքական կառավարությունը չպետք է խուսափի իրական հաշտեցումից: Հազարավոր թուրքեր արդեն ընտրել են այդ ուղին:

Դավութօղլուն հիշատակում է հայ երգահան Կոմիտասին որպես Օսմանյան կայսրությունում հայերի բեղմնավոր գործունեության օրինակ: «Արդար հիշողությունը» պետք է որոշ լույս սփռի Կոմիտասի կյանքի վրա, ով Ցեղասպանության ականատեսն էր: Տեսնելով հայերի կրած բոլոր տառապանքները և սարսափը` նա ասել է. ոչ ոք չի պատկերացնում մեր ողբերգության ամբողջ ցավը... այս վիշտը մեզ խելագարության կհասցնի: Եվ 1916-ից ի վեր 20 տարի նա անցկացրեց հոգեբուժարանում:

«Ես հավատում եմ, որ դեպի հաշտություն տանող ուղին ժխտողական կեցվածքը չէ, այլ գիտակցված հիշողությունը, քանզի իրական հաշտությունը չի նշանակում անցյալի մոռացում և սնուցում երիտասարդ սերունդներին ժխտողականության հեքիաթներով: Թուրքիան պետք է հաշտվի սեփական անցյալի հետ, որպեսզի կարողանա կառուցել իր ապագան»:

Հոդվածը Նալբանդյանը եզրափակում է Հայաստանի նախագահի կողմից Թուրքիայի նախագահին 2015-ի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին Հայաստանում գտնվելու հրավերով ու հույս հայտնում, որ դա կորցված հնարավորություն չի լինի և Էրդողանն այդ օրը կլինի Երևանում: