8 սեպտեմբերի 2014 - 14:03 AMT
Թուրք ռեժիսոր. Կան թուրքեր, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, և գնալով նրանց թիվն ավելանում է

Հայտնի գերմանաբնակ թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինը, որը Վենետիկի կինոփառատոնում ներկայացրեց «Սպի» ֆիլմը Ցեղասպանությունը վերապրած հայի մասին, պատմել է թուրքական Hurriyet-ին այն մասին, որ ցեղասպանության ընկալումը թուրքերի շրջանում փոխվել է: Նա անդրադարձել է նաև այն խնդրին, թե արդյոք հեշտ է թուրքի համար արտասանել «արգելված բառը»:

«Սպի» ֆիլմը պատմում է Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայազգի Նազարեթ Մանուկյանի մասին: Ցեղասպանությունից տարիներ անց նա պատահաբար իմանում է, որ իր զույգ աղջիկները, հնարավոր է, նույնպես փրկվել են, և սկսում նրանց որոնումները՝ հասնելով մինչև Հյուսիսային Դակոտա:

Ֆիլմի տևողությունը 138 րոպե է, այն անգլալեզու է, սցենարի հեղինակներն են ռեժիսորն ու Մարտիկ Մարտինը: Ֆիլմում նկարահանվել են Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, Ակին Ղազին և այլոք:

Ըստ ռեժիսորի, ցեղասպանության քննարկման ընկալումը Թուրքիայում կտրուկ փոխվեց 2007-ին Հրանտ Դինքի սպանությունից հետո:

«Լրագրող Հասան Ջեմալը գիրք ունի ցեղասպանության մասին, ես արվեստագետ ընկերներ ունեմ, որոնք աշխատանքներ ունեն այդ թեմայով: Կա թուրքերի մի շերտ, որոնք ճանաչում են ցեղասպանությունը և նրանց քանակը գնալով աճում է… Կարծես, գնալով ավելի հեշտ է դառնում քննարկել այդ թեման: Տասնամյակների տաբուներն այսօր թուլացած են թվում»,- ասել է նա:

Անդրադառնալով թուրքական ազգայնական ռեսուրսների կողմից հնչած սպառնալիքներին՝ Աքինը նշել է, որ դրանք իրեն չեն հուզում: «Ես աշխատել եմ ֆիլմի վրա 7 տարի և պատրաստ եմ սպառնալիքներին»:

Ռեժիսորը նշեց, որ իրեն սպառնացել են ընդամենը մեկ անգամ, սակայն երկրից դուրս թվում էր, թե «ամբողջ Թուրքիան դեմ է ֆիլմին»:

Ավելի վաղ թուրք ազգայնականները ֆիլմի համար սպառնացել էին Աքինին՝ նշելով, որ թույլ չեն տա ֆիլմը ցուցադրել Թուրքիայում այն բանից հետո, երբ ռեժիսորը հարցազրույց էր տվել հայկական «Ակօս»-ին։ «Մենք բացեիբաց սպառնում ենք «Ակօս»-ին, հայ ֆաշիստներին ու այսպես կոչված մտավորականներին։

Թուրք-թուրանական ասոցիացիայի աջակցությամբ հրատարակվող Ötüken անվամբ ամսագրի տարածած հայտարարությունում ասվում էր, որ այդ ֆիլմը Թուրքիայի ոչ մի կինոթատրոնում չի ցուցադրվի։

Ըստ Աքինի, «ցեղասպանություն» բառի վախը նրան օգնեց հաղթահարել Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանություն» գիրքը: «Մինչ այդ ես ուղիներ էի փնտրում, թե ինչպես խուսափեմ այդ բառն օգտագործելուց»,-խոստովանել է նա:

Արդյո՞ք ֆիլմը նկարահանվել է մեղքի զգացումից կամ պատասխանատվությունից դրդված: «Այո: Ես զգում եմ պատասխանատվություն: Ոչ ես, ոչ հայրս այն ժամանակ ծնված չէինք: Բայց ես այս հասարակության մասն եմ, և դա այն է, ինչի համար ես պատասխանատվություն եմ զգում: Ինչ վերաբերում է ներողությանը, ապա ֆիլմը ներողություն չէ: Դու գնում ես այնտեղ և ներողություն խնդրում: Դա այլ է…»,-հայտարարել է ռեժիսորը: