10 սեպտեմբերի 2014 - 11:29 AMT
Վտանգ կա, որ իսլամիստները կարող են ԱՊՀ տարածքն օգտագործել միջուկային զենքի ու թմրանյութերի տեղափոխման համար

ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը հայտարարել է, որ Կենտրոնական Ասիան կարող է օգտագործվել ահաբեկիչների կողմից միջուկային նյութերի ու զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման սարքավորումների տարանցման համար:

«Մենք նաև հաշվի ենք առնում ևս մեկ պոտենցիալ սպառնալիք, այն է, որ ԱՊՀ երկրների տարածքը, մասնավորապես, Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի, կարող է օգտագործվել ահաբեկիչների կողմից միջուկային նյութերի ու զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման սարքավորումների, տեխնոլոգիաների տարանցման համար»,-ասել է Նովիկովը ԱՊՀ հատուկ ծառայությունների ու անվտանգության մարմինների ղեկավարների հավաքի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բացի այդ, Նովիկովը նշել է, որ հավանական է այդ երթուղիների օգտագործումը Աֆղանստանից դեպի Եվրոպա թմրանյութերի տարանցման համար:

Որպես օրինակ գեներալը բերել է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման հայտարարությունն այն մասին, որ նա ունի միջուկային զենքին հասնելու հնարավորություն, որը նա մտադրություն ունի օգտագործելու: «Հիշեցնեմ, որ այդ կազմակերպության գրոհայինները գրավել են Իրաքի երկրորդ Մոսուլ քաղաքը, որտեղ տեղի համալսարանից, իրենց իսկ պնդմամբ, տասնյակ կիլոգրամ միջուկային նյութեր են գողացել: Նրանց հաջողվել է նաև մոտ 1 մլրդ դոլարի ակտիվներ հափշտակել»,-ասել է Նովիկովը:

Մինչդեռ, ինչպես գրում է «Նովոյե վրեմյա» թերթը, Մեծ Բրիտանիայի Անվտանգության ծառայությունը պարզել է գերի լրագրողներ Ջեյմս Ֆոուլիին և Սթիվեն Սոթլոֆին գլխատած մարդու ինքնությունը: Դա նախկին մի մուրացիկ է:

Օգոստոսի 20-ին համացանցում հայտնվեց ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի մահապատժի տեսագրությունը: Նրա գլխատումը նրանք անվանեցին հատուցում ԱՄՆ կողմից ահաբեկիչների դիրքերն Իրաքում ռմբակոծելու համար: Սեպտեմբերի 3-ին նմանատիպ տեսագրություն հայտնվեց ևս մեկ լրագրող՝ Սթիվեն Սոթլոֆի, գլխատման տեսարանով: Ենթադրվում է, որ երկուսին էլ նույն մարդն է գլխատել: Գրոհայինները սպառնացել են, որ հաջորդ զոհը կարող է դառնալ բրիտանացի Դևիդ Հեյնսը:

Ըստ Mirror պարբերականի, մահապատիժն իրականացնող տղամարդը նախկինում նվիրատվություն է հավաքել արաբական բարեգործական կազմակերպությունների համար Լոնդոնի փողոցներում: Բրիտանական հատուկ ծառայությունները ենթադրել են, որ այդ մարդը հայտնվել է գրոհայինների շարքերում:

Ջիհադականին հետևել են դեռ Մեծ Բրիտանիայում, սակայն այն ժամանակ նա ծայրահեղական գործողություններ չի կատարել:

Պարբերականի աղբյուրները կարծում են, որ ձայնը տեսագրությունում կարող էր պատկանել այլ մարդու, ոչ թե դահճին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: