9 սեպտեմբերի 2014 - 20:11 AMT
Երևանը չի մասնակցել ԵՄ Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը՝ Բաքուն չէր հրավիրել

Հայաստանը չի մասնակցել Բաքվում սեպտեմբերի 9-ին կայացած Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների չորրորդ ոչ պաշտոնականհանդիպմանը, քանի որ մասնակցության հրավեր Բաքվից չէր ստացել: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

«Անցած տարի ԵՄ Արևելյան գործընկերության երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանում, միջոցառումից մեկ ամիս առաջ հրավերներ էին ուղարկել ԱԼԳ անդամ բոլոր երկրներին»,- հիշեցրել է նա։

Այս տարի ծրագրում ընդգրկված վեց երկրներից չէր մասնակցում միայն Հայաստանը. Բաքվի հանդիպմանը եկել են Ուկրաինայի ու Բելառուսի փոխարտգործնախարարները և Եվրամիության պաշտոնյաներ, գրում է Tert.am-ը։

Ավելի վաղ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է սատարել Երևանին ու Բաքվին, եթե վերջիններս քաղաքական կամք դրսևորեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային նորմերի վրա»,-ասել է նա: Ֆյուլեն նշել է նաև, որ ԵՄ Արևելյան գործընկերության երկրների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անկախությունը կարևոր են Եվրամիության համար: Ըստ նրա, ԵՄ-ն մտադիր է ամրապնդել գործակցությունը Արևելյան գործընկերության ծրագրի անդամ երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ:

Ըստ Ֆյուլեի, ԵՄ-ն կարևորում է նաև պայքարը կոռուպցիայի դեմ և քաղաքացիական հասարակության դերն այդ հարցում: «Մենք պետք է հարգանքով վերաբերվենք քաղաքացիական հասարակությանը, որը շատ կարևոր է մեզ համար»,-ասել է եվրահանձնակատարը: