10 սեպտեմբերի 2014 - 12:46 AMT
Արամ Առաջինը հայերին կոչ է արել միավորվել Հայոց ցեղասպանության 100-ամյակի շեմին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը մասնակցել է Վաշինգտոնի Սբ Խաչ եկեղեցում անցնող պատարագին: Ըստ Asbarez-ի, հանդիսավոր պատարագից հետո, որին ներկա են գտնվել հայ համայնքի ականավոր դեմքեր, կաթողիկոսը ելույթ է ունեցել՝ խոսելով Հայաստանի ու համայն հայությանը հուզող խնդիրների շուրջ:

Մասնավորապես, նա հիշեցրել է մոտալուտ 2015-ի և Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի մասին: Կաթողիկոսը համայն հայությանը կոչ է արելմիավորել ջանքերը, պահանջել արդարություն Թուրքիայից 1,5 միլիոն զոհերի համար և վերապրածների ժառանգների իրավունքների վերականգնում:

Կաթողիկոսը կարևորել է հավատի պահպանումն ու հորդորել հայերին հավատարիմ մնալ հայ եկեղեցուն:

«Հայերը ոչ միայն առաջինն էին, որ ընդունեցին քրիստոնեությունը որպես պետական կրոն, նրանք նաև արյուն են թափել իրենց հավատի համար: Ինչպես գրել է հին պատմիչներից մեկը, «հավատը հայերի համար կարծես երկրորդ մաշկը լինի»:

Այս առնչությամբ Արամ Առաջինը նշել է, որ չկա այդպիսի ուժ, որը կարող է ստիպել հայերինհրաժարվել իր հավատից:

«Հավատն է մեր ժողովրդին առաջնորդել դարեր ի վեր»,- ասել է Արամ Առաջինը:

Հայաստանի պետական, ինչպես նաև սփյուռքի կառույցներն ակտիվորեն պատրաստվում են Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, այդ թվում, աշխատելով հասնել այդ փաստի առավելագույն ճանաչմանն ու ցեղասպանության ժխտման քրեականացմանը: Այսպես, սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանը օրենք ընդունեց, որը քրեականացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը: Օրենքով ազատազրկում և տուգանք է նախատեսվում ցեղասպանության փաստի ժխտման համար: Հունաստանը դարձավ Շվեյցարիայից և Սլովակիայից հետո երրորդ երկիրը, որտեղ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացված է:

Նմանատիպ որոշում շուտով կարող է ընդունել նաև Ֆրանսիան. օրինագծի նախաձեռնող Վալերի Բուայեն նշում է, որ Ֆրանսիան պաշտոնապես ճանաչում է երկու ցեղասպանություն՝ Հոլոքոսթն ու Հայոց ցեղասպանությունը, սակայն պատժելի է միայն Հոլոքոսթի ժխտումը: Բուայեն վստահ է, որ այդ ոչ արդարացի իրավիճակը շտկման կարիք ունի:

Ընթացիկ տարվա մայիսին, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների համակարգման պետական հանձնաժողովի չորրորդ նիստում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրեց Թուրքիայի նախագահին 2015 թ. ապրիլի 24-ին այցելել Երևան: «Պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի նախագահին, որն ընտրվելու է առաջիկա նախագահական ընտրություններում, 2015 թ. ապրիլի 24-ին այցելել Հայաստան և առերեսվել սեփական պատմությանը»:

Օգոստոսի 28-ին Անկարայում Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունից հետո օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների համար կազմակերպված ընդունելության ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարճ զրույց ունեցավ Էրդողանի հետ և նրան փոխանցեց Հայաստանի նախագահի պաշտոնական հրավերը՝ ներկա գտնվել 2015 թ. ապրիլի 24-ին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողությանը: