Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սբ Աթոռում Թուրքիայի դեսպան Քենան Գյուրսոյի հետ զրույցում հաստատել է առաջիկայում Թուրքիա այցելելու մտադրությունը:
Այդ մասին նա, ըստ թուրքական Daily Sabah-ի, հայտնել է Գյուրսոյին վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ կայացած առանձնազրույցի ժամանակ:
Ավելի վաղ իտալական ԶԼՄ-ները գրել էին, որ 77-ամյա Ֆրանցիսկոսն Անկարա կժամանի նոյեմբերի 29-ին, հետո կմեկնի Ստամբուլ, որտեղ նոյեմբերի 30-ին կմասնակցի Սբ Անդրեասի տոնակատարությանը: Հավելում էին նաև, որ Ստամբուլից, պոնտիֆիկը, հավանաբար, կժամանի Հայաստան, ինչի մասին Սուրբ Աթոռում նախընտրում են չբարձրաձայնել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարող է Հայաստան այցելել 2015-ին: 90-տոկոսանոց վստահությամբ կարելի է ասել, որ Հռոմի պապը 2015-ին կայցելի Սբ Էջմիածին Հայոց ցեղասպանության 1,5 միլիոն նահատակների սրբադասման կապակցությամբ, հայտարարել էր Սբ Էջմիածնի մամուլի ծառայության ղեկավար, վարդապետ Շահեն Անանյանը՝ նշելով, որ այս մասին խոսվել է Հռոմում Ֆրանցիսկոս I և Ամենայն Հայոց կաթողիկոսի անձնական հանդիպման ժամանակ: Ըստ նրա, Պապի այցը Հայաստան մեծ խորհրդանշական ազդեցություն կունենա, քանի որ կընդգծի, որ Վատիկանը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, ինչպես 2001-ին դա արել էր Հովհաննես Պողոս Երկրորդը:
Ակնկալվում է, որ Թուրքիա այցելության ժամանակ Պապը կանդրադառնա բռնության թեմային Մերձավոր Արևելքում և քրիստոնյաների սպանություններին Սիրիայում և Իրաքում:
Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսը Հռոմի պապին Թուրքիա էր հրավիրել ամռանը, երբ Վատիկան էր այցելել ներկա գտնվելու Իսրայելի և Պաղեստինի առաջնորդների հետ Ֆրանցիսկոսի համատեղ աղոթքին: Ակնկալվում է, որ այցը պաշտոնապես կհաստատվի, երբ հրավեր ստացվի նաև նորընտիր նախագահ Էրդողանի անունից: