2 հունիսի 2006 - 16:03 AMT
Հունիսի 4-ին Հայաստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի Ռումինիա
Հունիսի 4-ին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Ռումինիա` մասնակցելու Երկխոսության եւ գործընկերության Սեւծովյան գագաթնաժողովի աշխատանքներին: Գագաթնաժողովը նախաձեռնած ռումինական կողմը տարածաշրջանային երկխոսությունը դիտում է կայունության ապահովման կարեւորագույն գործոն, որն իր հերթին կարող է բարենպաստ պայմաններ ստեղծել տնտեսական զարգացման համար եւ նպաստել միավորված Եվրոպայում Սեւծովյան տարածաշրջանի երկրների դիրքերի ամրապնդմանը: Գագաթնաժողովում նախատեսվում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը ելույթը: Այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպում կունենա Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուի հետ: Նախատեսվում են նաեւ այլ երկկողմ հանդիպումներ:

Ռումինիայի մայրաքաղաքում կկայանա նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Նախատեսվում է, որ հանդիպումը կսկսվի երկու երկրների արտաքին գործերի նախարարների, ԵԱՀԿ գործող նախագահ, Բելգիայի արտգործնախարար Կարել դե Գուխտի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Այնուհետեւ երկու ղեկավարները զրույցը կշարունակեն դեմ առ դեմ, հայտնում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: