10 սեպտեմբերի 2014 - 17:49 AMT
«Բաց երկնքի» քաղաքականության արդյունքում Հայաստանում զբոսաշրջիկների թվի 35% աճ է գրանցվել

Հայաստանի նախագահի հանձնարարությամբ մշակված և իրականացվող «բաց երկնքի» քաղաքականության արդյունքում այս տարվա օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատությամբ զբոսաշրջիկների թվի գրեթե 35% աճ է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը սեպտեմբերի 10-ին հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ միջազգային չափանիշներով լավ արդյունք է:

«Վստահ ենք, որ շարունակվելու է»,- ասել է նա՝ հավելելով, որ «բաց երկնքի» քաղաքականությունը հետևողականորեն իրականացվելու է:

2013-ի հունիսի 6-ին ՀՀ կառավարությունը հաստատեց ավիափոխադրումների ոլորտի աստիճանաբար ազատականացման ռազմավարությունը: Արդեն հոկտեմբերի 23–ին հաստատվել է «Հայաստանում ավիափոխադրումների մրցակցային և շարունակական ծառայությունների տրամադրման ապահովման ծրագիրը», որը հիմնված է McKinsey & Company ընկերության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ ուսումնասիրության վրա։

Բոլոր այն ավիաընկերությունները, որոնք հետաքրքրված են Հայաստան գալով, դեպի մեր երկիր թռիչքներ իրականացնելով, լիարժեք աջակցություն կստանան:

«Նախագահի խիստ հանձնարարականն է բոլոր այն կառույցներին, որոնք զբաղվում են ավիացիայի, զբոսաշրջության խնդիրներով, հետևողականորեն իրականացնել այդ քաղաքականությունը: Եթե որևէ ավիաընկերություն Հայաստանում հանդիպի որևէ խոչընդոտի, անպայման անհրաժեշտ է այդ մասին բարձրաձայնել, լինելու է պետության ղեկավարության լիարժեք աջակցությունն այդ ավիաընկերությունների Հայաստան մուտք գործելու ուղղությամբ: Դա մեր ցանությունն է, ձգտումն է, ամեն ինչ անելու ենք այդ քաղաքականությունը լիարժեք իրականացնելու համար»,- ասել է նա, գրում է Panorama.am-ը:

Ի դեպ, Հայաստան եկող զբոսաշրջիկների մեջ մեծ տոկոս են կազմում Իտալիայից ժամանող զբոսաշրջիկները. հունիս ամսվա դրությամբ նրանք առաջին տեղում են: