11 սեպտեմբերի 2014 - 16:30 AMT
Ասանժ. Թուրքական գրաքննության հիմքում Հայոց ցեղասպանության թեման է

Թուրքիայում գրաքննությունը լայնորեն տարածվել է, քանի որ շատերն էին այն ողջունում քրդերի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ թեմաների դեպքում։ Հիմա այն տարածվել է ամեն ինչի վրա: Այս մասին հայտարարել է WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Ստամբուլում կազմակերպված Ինտերնետ ֆորումի մասնակիցների հետ առցանց հարցուպատասխանի ժամանակ:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, որը ներկա է գտնվել ֆորումին, նշել է, որ Ասանժն, ընդհանուր առմամբ, քննադատել է արդի ցանցի կառավարման մեթոդները։

«Այնուհետ թիրախավորեց Թուրքիային և որպես թուրքական ցանցային գրաքննության հիմք՝ նշեց քրդերի թեման և Հայոց ցեղասպանության խնդիրը, որից փորձում են խուսափել։ Նա հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ նշեց, որ հայերի ցեղասպանության խնդրից ելնելով՝ Թուրքիան փորձում է փակ պահել օսմանյան արխիվները»,-ասել է փորձագետը, գրում է Life.panorama.am-ը:

Գրաքննության թեման շոշափվել է նաև մեկ այլ` «Մարդու իրավունքների պաշտպանությունը ինտերնետում» կոնֆերանսի ընթացքում: Փորձագետի խոսքով, երբ թուրք ցանցային ակտիվիստն ասել է, որ իրենց երկրում ազատություն չկա՝ վկայակոչելով 45.000 կայքերի և Youtube-ի արգելափակված լինելու հանգամանքը, Թուրքայի իշխանության ներկայացուցիչը փորձել է ներկաներին բացատրել, որ դա արվում է երեխաների անվտանգության նկատառումներից ելնելով:

«Դահլիճում բոլորը սկսեցին բարձրաձայն ծիծաղել թուրք պաշտոնյանի բերած հիմնավորման վրա: Թուրքիան այն եզակի երկրներից է, որտեղ խոսքի ազատության խնդիրն օրհասական վիճակում է գտնվում: Այդ հանգամանքով մտահոգված էին ֆորումին աշխարհի տարբեր երկրներից մասնակցող փորձագետները»,-նշել է Մարտիրոսյանը:

Թուրքիայում համացանցային գրաքննության ամենավառ օրինակը YouTube և Twitter կայքերի արգելափակումն է: Տեսանյութերի հանրահայտ կայքն արգելափակվեց այն բանից հետո, երբ այնտեղ տեղարդվեց բարձրաստիճան թուրք զինվորականների մասնակցությամբ նյութը, որտեղ վերջիններս քննարկում էին թուրք-սիրիական սահմանին իրականացվող սադրաննքերը` թուրքական զորքերի սիրական սահմանը հատելու նպատակով: Պորտալը հրաժարվել է ջնջել տեսանյութը` արգելափակվելով Թուրքիայի տարածքում:

Իսկ Twitter-ն արգելափակվել էր մեկ այլ կոռուպցիոն սկանդալի արդյունքում, որում ներքաշված էին բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց որդիները(այդ թվում ներկայիս նախագահ, այն ժամանակ` վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու նրա որդին, որոնք քննարկել էին` ուր կարելի է թաքցնել 40 մլն դոլար կանխիկ գումարը): Հետագայում Թուրքիայի Սահմանադրական դատարանը որոշեց երկուսն էլ բացել, սակայն ավելի քան 45.000 կայք շարունակում է մնալ արգելափակված: