11 սեպտեմբերի 2014 - 17:36 AMT
Իրաքահայ գյուղացիները զինվել են իսլամիստներից պաշտպանվելու համար

Իրաքյան Քրդստանի Հավրեզք հայաբնակ գյուղի բնակիչները զինվել են պաշտպանվելու համար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից:

Ինչպես հայտնում է horizonweekly-ին լիբանանյան LBCI ալիքի վրա հղումով, գյուղի տղամարդիկ մշատպես պարեկում են արվարձանները սպառնալիքներից պաշտպանվելու համար՝ լինեն դա ԻՊ կամ մեկ այլ զինյալ կազմավորման գրոհայիններ: Այս պահի դրությամբ գյուղին վտանգ չի սպառնում, այն չի ենթարկվել հարձակման: Սակայն գյուղապետն ամեն երեկո իր տանն է հավաքում տղամարդկանց՝ նա ուզում է, որ բոլորը պատրաստ լինեն անսպասելի զարգացումներին:

Հավրեզքը Մոսուլից 70 կմ հեռավորության վրա է գտնվում, որը ԻՊ գրոհայինները գրավել են մի քանի ամիս առաջ: Գյուղը հիմնվել է 1920-ականներին Վանի ինքնապաշտպանության մասնակից Լևոն Շաղոյանի ջանքերով:

1970-ականներին իրաքյան բանակի և քուրդ ապստամբների բախումների ժամանակ հայ բնակչությունը լքեց գյուղը: Հավրեզքը կրկին բնակեցվեց 2005-ին՝ Քրդստանի Ժողովրդավարական կուսակցության անդամ Սարգիս Աղաջանի ջանքերով, որը համակարգում էր քուրդ վարչակազմի հարաբերությունները քրիստոնյա փոքրամասնությունների հետ: Գյուղում 115 տուն կառուցվեց, ուր տեղափոխվեցին հայեր Բասրայից, Մոսուլից և Բաղդադից: Գյուղում բնակվում է 90 մարդ:

Իրաքի հայ բնակչությունը կազմում էր մոտ 25 հազար մարդ, սակայն կտրուկ նվազեց վերջին տարիների անկայունության պատճառով: Հունիսին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել:

ԱՄՆ-ն օդից սատարում է ԻՊ դեմ կռվող Իրաքի զորքերին ու քրդական կազմավորումներին, ինչպես նաև կոալիցիայի կազմում ահաբեկչական կազմակերպության դեմ: Ավելի վաղ Վաշինգտոնը հաստատեց, որ պատրաստ է ռմբակոծել ԻՊ դիրքերը ոչ միայն Իրաքում, այլ նաև Սիրիայում: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ազգին ուղղված ելույթում հայտարարեց, որ ԱՄՆ առանց տատանվելու ավիահարվածներ կհասցնի խմբավորման դիրքերին Սիրիայում, հայտնում է BBC-ին: «Մենք կհետապնդենք ահաբեկիչներին, որոնք սպառնում են երկրին, ուր էլ որ նրանք լինեն: Դա նշանակում է, որ ես առանց տատանվելու գործողություններ կսկսեմ ԻՊ դեմ Սիրիայում, ինչպես դա արվեց Իրաքում»,-ասել է նա: