11 սեպտեմբերի 2014 - 21:37 AMT
«Անահիտ»-ի պրեմիերան՝ դեկտեմբերի սկզբին. Արդեն փառատոններից հրավեր են ստանում

Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմն էկրան կբարձրանա դեկտեմբերի սկզբին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին ասաց մուլտֆիլմի համահեղինակ, ռեժիսոր և մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը՝ նշելով, որ այս պահի դրությամբ աշխատանքները գրեթե ավարտված են:Օրեր առաջ արդեն կայացել է ֆիլմի նախադիտումը, որին ներկա էր ստեղծագործական անձնակազմը:

Նրա խոսքով, պրեմիերան նոյեմբերին էին նախատեսում, բայց քանի որ այդ ամիս պրեմիերաները շատ են լինելու, որոշեցին ցուցադրել դեկտեմբերին: Սահակյանցը նշեց, որ ֆիլմը մեծ էկրանին կցուցադրվի մոտ մեկ ամիս, ինչից հետո կսկսվի փառատոնային շրջագայությունը:

«Օրերս Տորոնտոյի փառատոնից մասնակցության հրավեր ստացանք, բայց այն անցնում է նոյեմբերին, իսկ պրեմիերան դեկտեմբերին ենք նախատեսել, դրա համար էլ մերժեցինք»,- նշեց Սահակյանցը՝ հավելելով՝ գուցե, մյուս տարի մասնակցեն:

«Անահիտ»-ի նկարահանման աշխատանքները «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ը սկսել էր դեռ 2010-ին` մշակույթի նախարարության պատվերով ու ֆինանսավորմամբ: Այդ ժամանակ ծրագրվում էր աշխատանքներն ավարտել 2012-ի վերջին, բայց ֆինանսավորումը չբավականացրեց, ու նշված ժամկետում նախատեսված 85-90 րոպեից նկարահանված էր 60-ը։

Փառատոնների ցանկը, որտեղ կուզեին տեսնել «Անահիտ»-ը, մեծ է, ու դրանով կսկսեն զբաղվել, երբ ֆիլմի վրա աշխատանքներն ավարտին հասցնեն, պատրաստեն կայքն ու թրեյլերը:

«Փետրվարին արդեն փառատոններ են սպասվում, որտեղ մասնակցության հայտ կուղարկենք»:

Սահակյանցը նաև նշեց, որ, ըստ նախնական պայմանավորվածության, երբ ֆիլմը թարգմանվի ռուսերեն, Մոսկվայում էլ է ցուցադրվելու, ինչպես նաև Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում: Անգլերեն տարբերակի վրա նույնպես աշխատելու են, չնայած այն ավելի ծախսատար կլինի, բայց այդ ամենն արդեն հաջորդ տարվա պլաններ են:

Մուլտֆիլմ ավելի գրավիչ դարձնելու համար Անահիտ իմաստուն թագուհու մասին պատմող սյուժեում որոշակի փոփոխություններ են արվել։ Ռեժիսորներն են Դավիթ Սահակյանցն ու Լյուլյա Սահակյանցը, իսկ պրոդյուսերական աշխատանքով զբաղվում է «Շարմ Հոլդինգ»-ը:Հետարտադրական և պրոդյուսերական աշխատանքներով զբաղվում է Sharm Pictures-ը: Այն նկարահանվում է անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան: Որպես անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմ «Անահիտ»-ը երրորդն է հայկական մուլտարտադրությունում՝ Ռոբերտ Սահակյանցի «Պանդոկ»-ը և Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմերից հետո:

Մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Շուշան Պետրոսյանը, Հրանտ Թոխատյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Բաբայանը, Վարդան Զադոյանն ու Խորեն Լևոնյանը, կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը և Վարդան Զադոյանը, իսկ բեմադրող նկարիչը` Էռնեստ Մուրադյանը:Երգերը կատարում են Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանն ինչպես նաև «Ակունք» ազգագրական համույթը: