12 սեպտեմբերի 2014 - 15:06 AMT
Արամ Ա-ն մասնակցել է Մերձավոր Արևելքի հոգևոր առաջնորդների հետ Օբամայի հանդիպմանը

Հայ առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-նԱՄՆ-ում մասնակցել է Սպիտակ տանն անցնող նախագահ Բարաք Օբամայի հետ Մերձավոր Արևելքի հոգևոր առաջնորդների հանդիպմանը, տեղեկացնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Հանդիպմանը նախագահ Օբաման ընդգծել է, որ ԱՄՆ-ն ընդունում է տարածաշրջանում քրիստոնյա համայնքների պատմական դերը, ինչպես նաև կարևորում քրիստոնյաներին և այլ կրոնական փոքրամասնություններին պաշտպանելու հարցը: Նա վերահաստատել է Իրաքում և Սիրիայում ահաբեկչական գործողություններ ծավալող իսլամիստների դեմ պայքարելու ԱՄՆ հանձնառությունը: Միացյալ Նահանգների նախագահը նաև նշել է, որ իր երկիրը տարածաշրջանի գործընկերների հետ կպայքարի իսլամիստների դեմ:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այժմ շրջագայություն է կատարում Մերձավոր Արևելքի երկրներոum՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման դեմ կոալիցիա կազմելու նպատակով: Իր վերջին ելույթում ԱՄՆ նախագահ Օբաման հայտնեց, որ պատրաստ է ռմբակոծել ԻՊ դիրքերը Սիրիայում, առանց Կոնգրեսի թույլտվության: Մինչ օրս ԱՄՆ-ն սահմանափակվում էր ավիահարվածներ հասցնելով խմբավորմանը Իրաքում, քանի որ պաշտոնական Վաշինգտոնը սիրիական հակամարտությանը չի միջամտում: Եթե Օբաման որոշի ռմբակոծել ԻՊ դիրքերը Սիրիայում, դա ԱՄՆ առաջին հարվածը կլինի Սիրիայի տարածքին: Պաշտոնական Դամասկոսը հայտարարել է, որ հարվածները սիրիական տարածքին կգնահատվեն որպես ագրեսիա:

Ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Հուլիսի վերջում նրանք հայտարարեցին Իրաքի ու Սիրիայի տարածքում խալիֆայության ստեղծման մասին:

Զինված հակամարտությունն Իրաքի հյուսիսում սկսվեց «Իսլամական կազմակերպության» գրոհից հետ Մոսուլի ուղղությամբ, որն ահաբեկիչները գրավեցին հունիսի լույս 10-ի գիշերը: Ըստ որոշ գնահատականների, 1300 զինյալներ գրավեցին Նայնավա գավառի կառավարական հաստատությունները, բանակային օբյեկտները և Մոսուլի միջազգային օդանավակայանը: Մոտ 500 հազար բնակիչներ փախան քաղաքից: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: