12 սեպտեմբերի 2014 - 18:53 AMT
Լևոն Հայրապետյանի նկատմամբ ևս մեկ քրգործ է հարուցվել. Կալանավորման ժամկետը 3 ամսով երկարաձգվել է (թարմացված)

Փողերի լվացման և յուրացման մեջ մեղադրվող գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ հետաքննությունը ևս մեկ քրեական գործ է հարուցել՝ Բաշկիրստանի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախության միջոցով գումարների հափշտակման փաստով:

«Քրեական գործը հարուցվել է ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածով (խարդախություն)»,- հայտարարել է քննիչը:

Նրա խոսքով, քրական գործը հարուցվել է Իզմեստևի մոր դիմումի հիման վրա, որը և Հայրապետյանին մեղադրել է 700.000 դոլար հափշտակելու մեջ, հաղորդում է Կոմերսանտը:

Սեպտեմբերի 12-ին, Մոսկվայի քաղաքային դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունն ու Հայրապետյանի կալանքը երկարաձգել 3 ամսով` մինչև դեկտեմբերի 15-ը:

Օգոստոսի 15-ին Լևոն Հայրապետյանը Մոսկվայի քաղաքային դատարանում հրաժարվեց մասնակցել դատական նիստին: «Ես ինձ շատ վատ եմ զգում և հազիվ եմ այստեղ հասել: Կողքիս բժիշկն է ներարկիչով կանգնած: Ես վստահում եմ փաստաբաններիս և կարծում եմ, որ առանց ինձ էլ գլուխ կհանեն»,-ասել է Հայրապետյանը: Սակայն դատարանը որոշել է, որ դատական նիստը չի կարող անցնել առանց Հայրապետյանի, որը մասնակցում է նիստին տեսակապի միջոցով:

Նույն օրոը Մոսկվայի քաղաքային դատարանը հրաժարվեց ազատ արձակել Լևոն Հայրապետյանին և նրա կալանքը օրինական ճանաչեց:

Օգոստոսի 13-ին Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը դատական նիստի ժամանակ վատացավ: Քննվում էր Լևոն Հայրապետյանի փաստաբանների միջնորդությունը՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ: Նա դատական նիստին մասնակցել է մեկուսարանից տեսակապի միջոցով: Իր ելույթում նա հայտարարել է, որ ապօրինություն է տեղի ունենում, այնուհետև ձեռքը դրել է սրտին և ասել է, որ իրեն վատ է զգում: Փաստաբանները խնդրել են նրան օգնություն ցուցաբերել մեկուսարանում, պատրաստակամություն հայտնելով շարունակել նիստը, սակայն դատարանը որոշել է ընդմիջում հայտարարել մինչև օգոստոսի 15-ը:

Ինչպես բազմիցս է հայտարարել գործարարի պաշտպանությունը, Հայրապետյանը սրտի անկանոն աշխատանքի և արյան անոթների հետ կապված խնդիրներ ունի:

Դատարանում ներկա են եղել մոտ 100 հարազատներ ու բարեկամներ, նրանց համար, ում տեղ չի գտնվել դատարանի դահլիճում կազմակերպվել է հեռարձակում:

Լևոն Հայրապետյանին ԱԴԾ աշխատակիցները ձերբակալեցին «Դոմոդեդովո» օդանավակայանում հուլիսի 15-ին, ուր նա ժամանել է Մոնակոյից: Գաղտնի գործակալները ուժեղացված հսկողության ներքո գործարարին հարցաքննության համար տարել են Քննչալկան կոմիտե: Այնտեղ նրան պաշտոնապես հայտնեցին ձերբակալման մասին: Գործարարի դեմ ձեռնարկված միջոցառումներն անցկացվում են «կինգիսեպյան» խմբավորման գործունեության ընդհանուր հետաքննության շրջանակում, որը ղեկավարել է «հեղինակություն» Սերգեյ Ֆինագինը: Ըստ քննիչների` տևական ժամանակ այս, ինչպես նաև` նրան մոտ «շչելկովյան» (ղեկավարում էր Ալեքսանդր Մատուսովը` Բասմաչ) կազմակերպված հանցավոր խմբավորումների անդամները խոշոր գործարարների շահերից ելնող սպանություններ են կազմակերպել: Սկզբում սպասարկում էին բանկիր Գեորգի Սաֆիևի(սպանվել է ԱՄՆ-ում) շահերը, հետո էլ սկսեցին աշխատել սենատոր Իգոր Իզմեստևի համար: Ըստ իրավապահների՝ Հայրապետյանը սպանությունների հետ կապ չունի, սակայն «Բաշնեֆտ»-ի վաճառքի տնտեսական մեքենայությունները հետաքննվում են «Կինգիսեպսկի» գործի շրջանակներում, գրում է «Ռոսբալտ» լրատվամիջոցը և ավելացնում, որ Ռուսաստանի քննչական կոմիտեն դիմել է դատարան՝ գործարարին կալանավորելու միջնորդությամբ:

Հուլիսի 17-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարեց գործածար Լևոն Հայրապետյանին կալանավորելու միջնորդությունը: Նա կասկածվում է ֆինանսական մեքենայությունների, փողերի լվացման և յուրացման մեջ: «Դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը` ձերբակալվածի համար որպես խափանման միջոց սահմանելով երկամսյա կալանքը` մինչև սեպտեմբերի 15-ը»,- ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին հայտնել է դատարանի մամուլի խոսնակ Իրինա Ֆադեևան:

Նա նաև նշել է, որ գործի քննության շրջանակում դատարանը կալանք է դրել «Բաշնեֆտ» ընկերության 300 մլն ռուբլի արժողությամբ բաժնետոմսերի փաթեթի վրա:

Ավելի վաղ Հայրապետյանի փաստաբանները հայտարարել էին, որ իրենց պաշտպանյալն արդեն 9 տարի է տառապում է մի շարք հիվանդություններով, այդ թվում նաև քաղցկեղով, որն ընդգրկված է այն հիվանդությունների ցանկում, որոնց առկայության դեպքում բացառվում է մեղադրյալի գտնվելը մեկուսարանում: «Նա չորս վիրահատություն է տարել և միայն Ռուսաստանում 9 անգամ ստացիոնար բուժում է անցել»,-ասել է փաստաբան Մարգարյանը:

Ինքը գործարարն ու բարերարը հայտարարել է, որ իր հասցեին հնչեցված կասկածները ոչ մի ապացույց չունեն և խնդրել է իրեն թողնել ազատության մեջ: