13 սեպտեմբերի 2014 - 13:48 AMT
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած Միրզոյանի հարազատը բացատրել է արարքի շարժառիթը

Օգոստոսի 18-ին Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան վրա կրակած հայ գործարար 34-ամյա Արթուր Միրզոյանն՝ իր արարքով ագրեսիայի կոչ չի արել։ Այս մասին ասել է Արթուր Միրզոյանի հարազատներից մեկը, հայտնում է Tert.am-ը:

«Նա տասը տարուց ավելի ապրում է Ռուսաստանում և Ռուսաստանի քաղաքացի է։ Ինքը շատ դաստիարակված, ադեկվատ անձնավորություն է, և ագրեսիվ վարք ցուցաբերելու, ինչ-որ մեկին վնասելու բացարձակ մտադրություն չի ունեցել, ինչը վկայում է իր չփախնելը»,-ասաց նա։

Արթուր Միրզոյանը նախաքննության ժամանակ նշել է, որ ինքն անձնական խնդիր չի ունեցել, պարզապես իր այդ արարքով փորձել է իր բողոքն արտահայտել ու իր արարքի համար պատրաստ է պատասխան տալ։ «Երևի թե իր արարքը ռուս-թուրքական հարաբերությունների իմաստով պրովոկացիա է ընկալվել, սակայն բացարձակ այդպես չէ։ Նա իր արարքով թուրքական կառավարությանը կոչ է արել, որ եթե ես պատրաստ եմ օրենքի առաջ պատասխան տալ, թող թուրքական կառավարությունն էլ՝ առանց որևէ պատերազմի, հակամարտությունների պատասխան տա օրենքի առաջ»,- ասել է նա և հավելել, որ Արթուր Միրզոյանը նաև բարեգործ է։

Օգոստոսի 18-ի առավոտյան Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան շենքի վրա կրակ են բացել: Ինչպես պարզվել է, կրակողը հայ ներգաղթյալ է` 43-ամյա Արթուր Միրզոյանը, իսկ թիրախում Թուրքիայի Հանրապետության զինանշանն է եղել:

«Դոբրի լես» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Միրզոյանի` որսորդական զենքից արձակված երկու կրակոցները դիպել են թիրախին, սակայն տղամարդուն չի հաջողվել թաքնվել: Կրակոցների ձայներին արձագանքել է կարևոր ադմինիստրատիվ շենքերը հսկող ոստիկանությունն ու տեսախցիկներով պարզել, թե որտեղ է նա ու ձերբակալել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրա նկատմամբ «խուլիգանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել:

«Ինձ համարում եմ մեղավոր, ցանկանում եմ վճարել 500 հազար ռուբլի տուգանք, երկրից չեմ հեռանա քննչական միջոցառումների անցկացման շրջանում»,-հայտարարել է Միրզոյանը:

Photo: The Moscow News