13 սեպտեմբերի 2014 - 18:55 AMT
ԵՄ-ում խոսում են Եվրամիության ու Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու մասին

ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն կարծում է, որ ԵՄ-ի համար եկել է Եվրասիական միության հետ պաշտոնական կապերի հաստատման ու Եվրամիության և Մաքսային միության միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու շուրջ բանակցություններ սկսելու ժամանակը: Այս մասին Ֆյուլեն հայտարարել է Կիևում` Յալթայի եվրոպական ռազմավարության (YES) 11-րդ ամենամյա հանդիպմանը:

«Մեզ հետևողական քաղաքականություն է անհրաժեշտ Ռուսաստանի նկատմամբ... Եկել է «Ազատ տնտեսական գոտի՝ Լիսաբոնից Վլադիվոստոկ» և նման այլ կարգախոսների հետևում չթաքնվելու ժամանակը: Դրան պետք է որոշակի բովանդակություն հաղորդվի, բովանդակություն, որը առևտրական, տնտեսական համագործակցությունից հեռուն կգնա: Եվ որ հնարավոր լինի վերականգնել վստահությունն անվտանգության առումով, անվտանգության համակարգի հանդեպ… Կարծում եմ, այս «խաղում» խաղադրույքները մեծացնելու ժամանակն է: Եկել է ժամանակը, ինձ թվում է, որպեսզի Եվրամիությունը Եվրասիականի, Մաքսային միության հետ բարձր մակարդակում պաշտոնական կապեր հաստատի»,-ասել է Ֆյուլեն:

«Կարծում եմ, պետք է սկսել Եվրոպական ու Մաքսային միությունների միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ բանակցությունները: Ես այդպես եմ կարծում: ԵՄ ղեկավարները պետք է առաջարկեն համագործակցության ամողջական ծրագիր»,- ասել է Ֆյուլեն, հաղորդում է Unian.net-ը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 1-ին կարգադրեց ստորագրել Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը:

Ըստ փաստաթղթի, Պուտինն ընդունել է կառավարության առաջարկը ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին: «Համարել նպատակահարմար պայմանագրի ստորագրումը, նախատեսված սույն կարգադրությամբ, Գերագույն Եվրասիական տնտեսական միության նիստում պետությունների ղեկավարների մակարդակով», ասվում է ՌԴ նախագահի կարգադրության մեջ:

Օգոստոսի 7-ին ՌԴ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին: Օրերս Մինսկում Մաքսային միության անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ավարտին նվիրված ճեպազրույցում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում կանցնեն բանակցություններ, որի շրջանակում նախատեսվում է լուծել ԵՏՄ-ին Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցության հարցը:

Օգոստոսի 9-ին Սոչիում կայացած հանդիպմանը Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկեցին ԵՏՄ-ի մասին պայմանագրին Հայաստանի միանալու ժամկետներն ու պայմանները: Ինչպես ասաց ՌԴ նախագահը, փաստաթուղթը կարող է ստորագրվել արդեն աշնանը:

Հուլիսի 17-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է լրագրողներին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին համաձայնագիրը կստորագրվի հոկտեմբերին: «Մինչև հոկտեմբերի վերջ մենք կանդամակցենք ԵՏՄ-ին: Մնացածի մասին կհայտնի կառավարության մամուլի ծառայությունը»,-ասել է Աբրահամյանը:

Այն մասին, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի առաջիկայում, հայտարարվել է հուլիսի 11-ին Սոչիում Հովիկ Աբրահամյանի և նրա ռուս գործընկեր Դմիտրի Մեդվեդևի հանդիպման ավարտին:Ինչպես հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը, զրույցի ժամանակ Աբրահամյանն ու Մեդվեդևը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճի կապակցությամբ և վստահություն են հայտնել, որ աճը կշարունակվի նաև ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո: