5 հունիսի 2006 - 14:02 AMT
Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Թուրինի Համաշխարհային շախմատային օլիմպիադայում
Հայաստանը կրկին հաստատեց շախմատի գերտերության իր կարգավիճակը, հաղթանակ տանելով Թուրինի Համաշխարհային շախմատային օլիմպիադայում տղամարդկանց թիմերի միջեւ: Ինչպես հաղորդեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայում, Օլիմպիադայի արդյունքում հայկական տղամարդկանց հավաքականը հավաքել է 36 միավոր 42 հնարավորից եւ ժամկետից շուտ ճանաչվել «Ազգերի մրցաշարի» հաղթողը: Հայ շախմատիստներն առաջատարի դիրք զբաղեցրին արդեն 5-րդ տուրից, եւ մինչ օլիմպիադայի ավարտն անփոփոխ գլխավորեցին մրցութային աղյուսակը: Հատկանշական է, որ բուքմեկերային գրասենյակներում հայկական թիմը Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ Չինաստանի հետ մեկտեղ համարվում էր ֆավորիտներից մեկը: Հայաստանի տղամարդկան հավաքականի կազմում են միջազգային գրոսմայստերներ` Լեւոն Արոնյանը (ՖԻԴԵ-ի վարկածով 2005 թվականի Աշխարհի գավաթի հաղթող), Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը, Սմբատ Լպուտյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Արտաշես Մինասյանը:

Ամփոփիչ աղյուսակն այսպիսին է` օլիմպիադայի «արծաթը» հասավ Չինաստանին` 34 միավոր, երրորդ տեղը կիսեցին ԱՄՆ-ի եւ Իսրայելի տղամարդկանց թիմերը` 33-ական միավորով: Նրանց հաջորդում է Հունգարիան` 32,5 միավորով: Ռուսաստանը, Իսպանիան, Ֆրանսիան, Ուկրաինան եւ Բուլղարիան` 32-ական միավոր: Ինչ վերաբերում է Հայաստանի կանանց հավաքականին, ապա նրանց նվաճումները Թուրինում ավելի համեստ են: Հայ շախմատիստուհիները կիսեցին 8-10 տեղերը Սլովենիայի եւ Չեխիայի հետ, հավաքելով 24-ական միավոր 39 հնարավորից: Հայաստանի կանանց հավաքականում են գրոսմայստերներ` Լիլիթ Մկրտչյանը (Եվրոպա 2006-ի բրոնզե մրցանակակիր), Էլինա Դանիելյանը, Նելլի Աղինյանը եւ միջազգային վարպետ Սիրանուշ Անդրեասյանը: Կանանց թիմերի հաղթողը դարձավ Ուկրաինայի թիմը 29,5 միավորով, երկրորդ տեղում է Ռուսաստանը` 28 միավորով, իսկ երրորդ հորիզոնականը զբաղեցրել են չինացիները 27,5 միավորով: Հաջորդ տեղերը` 4-ից մինչեւ 7-ը զբաղեցրել են ԱՄՆ-ն, Հունգարիան, Վրաստանը, Նիդերլանդները` 24,5 միավորով, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: