16 սեպտեմբերի 2014 - 20:27 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պայմանավորվել են հանդիպել Փարիզում

Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը արդեն տվել են իրենց համաձայնությունը Փարիզում բանակցությունների անցկացման համար: Այս մասին Haqqin.az-ին ասել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

Հանդիպումը, դեսպանի խոսքով, տեղի կունենա հոկտեմբերի երկրորդ կեսին: «Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, անում է հնարավորը հակամարտության կարգավորման համար, և կարծում է, որ վաղուց ժամանակն է այն լուծելու», - ընդգծել է Մոնյեն:

«Այն, որ նախագահները համաձայնել են հանդիպել, արդեն իսկ մեծ ձեռքբերում է: Հիմնական նպատակն այն է, որ կողմերը հանդիպեն, որպեսզի փնտրեն բանակցություններում հաջողության հասնելու ուղիներ և գտնեն խնդրի երկուստեք ընդունելի լուծում», - ասել է նա:

Մայիսին տարածաշրջան այցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարեց, որ Ֆրանսիան պատրաստ է ընդունել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին համանախագահների հետ:

Սպասվող հանդիպմանն անդրադարձել էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը՝ նշելով, որ կոնկրետ օրը չգիտի: Նա ասել էր, որ Ուելսում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների համար իրոք կարևոր հանդիպում էր, քանի որ այն նաև շատ լավ հնարավորություն էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի՝ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի համար՝ անձամբ ներգրավված լինելու բանակցություններում:

Երկու երկրների նախագահների ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը սեպտեմբերի 4-ին էր՝ Նյուպորտում: Կողմերը քննարկել էին բանակցությունների ներկա փուլն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորությունները:

Ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողություններն աննախադեպ էին 1994 թվականից ի վեր: Տարեսկզբից արդեն գրանցվել է հրադադարի խախտման մոտ 18 հազար դեպք ադրբեջանական կողմից, այն դեպքում երբ 2013-ին տարվա ընթացքում այդ թիվը հասավ 13 հազարի: Հուլիսի 28-ից Ադրբեջանը դիվերսիոն և սադրիչ գործողությունների դիմեց հայ-ադրբեջանական սահմանին և Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ գործողությունների արդյունքում հակառակորդի կորուստները 8-9 անգամ գերազանցեցին հայկական կոմիղ կորուստները:

ՖՈՏՈՇԱՐՔ