19 սեպտեմբերի 2014 - 13:42 AMT
Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է. Բացվել է «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 19-ին բացվել է սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող «Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովը: Այն մեկնարկել է լիագումար նիստով, որտեղ բացման խոսքով են հանդես եկել վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն ու Հայ Կաթողիկե Եկեղեցու Պատրիարք-Կաթողիկոս Ներսես Պետրոս ԺԹ-ն իրենց օրհնության խոսքն են հղել համաժողովի մասնակիցներին: Ողջույնի խոսքում Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության գործակցության անցյալն ու ներկան գնահատելու և արժևորելու պատեհ առիթ է ստեղծվել, ինչպես նաև` մտքեր փոխանակելու մեր Հայրենիքի և ազգի համար օրակարգային հարցերի շուրջ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չկարգավորված: Ադրբեջանը վարում է ռազմատենչ քաղաքականություն՝ սանձազերծելով նավթային դոլարներով սնուցվող սպառազինության մրցավազք: Թուրքիան, իր հերթին, խիստ կողմնակալ կեցվածք է դրսևորում և շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը:

Մյուս կողմից, Վրաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ ևս չեն նպաստում տարածաշրջանի կայունությանը և թույլ չեն տալիս մեզ լիարժեք կերպով օգտագործել տրանզիտի ու արտաքին տնտեսական համագործակցության հնարավորությունները: Այս բոլոր գործոնները ստիպում են մեզ արտաքին քաղաքականության մեջ լինել ճկուն և շրջահայաց: Հայաստանի իշխանությունները՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, քայլեր են ձեռնարկում` ելնելով բացառապես մեր ազգային շահերից՝ լավագույնս ապահովել Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ու կայուն զարգացումը»,- նշել է վարչապետը:

Նա հավելել է, որ Հայաստանի զարգացմանը, տնտեսության առաջընթացին միտված համաժողովի մասնակիցների գործնական առաջարկներն աչքաթող չեն արվի.

«Կառավարությունը որդեգրել է ներդրումային ծրագրերի իրականացման բաց քաղաքականություն և պատրաստ է աջակցել յուրաքանչյուր նման նախաձեռնության: Վաղուց հասունացել է բարեգործությունից դեպի փոխշահավետ գործընկերության անցնելու ժամանակը»:

Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է նաև Ցեղասպանության 100-ամյա տռարելիցին` նշելով, որ անգնահատելի է սփյուռքի դերը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման միջազգայնացման գործընթացում.

«Ցավալի է, որ ներկայիս Թուրքիան, որպես Օսմանյան կայսրության իրավահաջորդ, ոչ միայն չի կարողանում հաշտվել իր մութ անցյալի հետ, այլ հակառակը՝ շարունակում է ժխտել ցեղասպանության իրողությունը, ինչը միջազգային ընկալմամբ համարվում է կրկնակի ցեղասպանություն: Միևնույն ժամանակ միջազգային հանրության մոտ ավելի ու ավելի է ամրապնդվում այն գաղափարը, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը, և, առաջին հերթին, Թուրքիայի կողմից, անխուսափելի է, և այդ հանգամանքը կնպաստի տարածաշրջանային կայունության ամրապնդմանը և փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: Համոզված եմ, որ միասնական ջանքերի շնորհիվ մենք կհասնենք պատմական արդարության վերականգնմանը»:

Ամփոփելով խոսքը՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ միասնական ջանքերով ի զորու կլինենք հաղթահարելու հայության առջև ծառացած մարտահրավերները:

Մեծ Տանն Կիլիկիո Արամ Ա Կաթողիկոսն իր հերթին նշել է, որ տագնապներով ու մարտահրավերներով լի է մեր ազգի կյանքը և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում, և՛ Սփյուռքում:

«Հայրենիքը լուրջ մարտահրավերների դիմաց է կանգնած. տնտեսական կյանքի բարելավումը, դժվարությունների հաղթահարումը և արտագաղթի կասեցումը տագնապալից խնդիրներ են, որոնց դիմաց չեն կարող լուռ մնալ և դրանք կանխելու ազդեցիկ միջոցների չդիմել:

Ղարաբաղի անվտանգությունը վերջին ամիսներին մտահոգիչ է դարձել: Ղարաբաղի անվտանգությունը Հայաստանի անվտանգությունն է, և հակառակը: Չենք կարող ձեռքներս ծալած մնալ Ղարաբաղի ներքին հզորությունն ավելի ամրապնդելու հրամայականի դիմաց:

Սփյուռքը իր հերթին կանգնած է լուրջ մտահոգությունների առջև: Կրոնական ծայրահեղական շարժումների պատճառով վտանգված է գաղութի գոյությունը: Ստեղծված պայմաններում հայի ինքնությունը մշուշոտ է, և, ընդհանրապես, մեր գաղութների տնտեսական կարողությունները սկսել են չբավարարել աճող կարիքների պատճառով»,- նշել է Արամ Ա-ն:

«Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովի միջոցառումները մեկնարկել են սեպտեմբերի 18-ից՝ ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեջինյանի՝ Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Խաղաղության արվեստը» ցուցահանդեսի բացումով, որին մասնակցել են վարչապետ Հովիկ Աբրահամյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Հայաստանից հասարակական և քաղաքական գործիչներ, արվեստագետներ:

Համաժողովի մասնակիցներին դիմել է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը`օրակարգում ընդգրկված թեմաները որակելով հրատապ ու պահանջված, որոնք մեծ կարևորություն են ներկայացնում գաղափարախոսական, ռազմավարական, մարտավարական տեսանկյուններից` ընդգծելով, որ Արցախը պատրաստակամ է համակարգված աշխատանք իրականացնել քաղաքական, տեղեկատվական, մշակութային, գիտակրթական և այլ ոլորտներում:

Նախագահը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը համարել է հայոց անկախ պետականության հիմնասյուներից և հայ ժողովրդի ազգային ինքնության պահպանման, հայրենիքի հետ կապերի ամրապնդման առանցքային բաղադրամասերից մեկը` հավելելով, որ ազգովի պետք է ամեն ինչ անենք այն անսասան պահելու և օր օրի զորացնելու ուղղությամբ:Բակո Սահակյանը նաև անդրադարձել է Արցախի ներքին և արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային գործընթացներին վերաբերող մի շարք հարցերին:

«Հայաստան-Սփյուռք 1-ին խորհրդաժողով» խորագրով համազգային առաջին հավաքը տեղի է ունեցել 1999-ի սեպտեմբերին, 2-րդը՝ 2002-ի մայիսին, 3-րդը` 2006-ի սեպտեմբերին: Առաջին երեք համաժողովը կազմակերպել է արտաքին գործերի նախարարությունը, իսկ 4-րդն արդեն սփյուռքի նախարարությունը (այն ստեղծվել է 2008-ին): «Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների համահայկական համաժողով» խորագրով 4-րդ համաժողովի բացումը տեղի է ունեցել 2011-ի սեպտեմբերի 19-ին Երևանի մարզահամերգային համալիրի հանդիսությունների դահլիճում: