24 սեպտեմբերի 2014 - 16:16 AMT
ԿԱՐԾԻՔ
«Ադրբեջանական դիվանագիտության արժեքը» կամ «պատմական ճշմարտություն» էժան գնով

Մի քանի օր առաջ, ավելի ստույգ սեպտեմբերի 14-ին կանադական Կալգարի քաղաքում ծառ տնկվեց, որի հարևանությամբ հուշատախտակ տեղադրվեց նվիրված այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության զոհերի» հիշատակին: Բացման նախաձեռնողը Ալբերտայի Ադրբեջանական մշակույթի ընկերակցությունն էր:

Իսկ Կալգարիի զբոսայգիներից մեկում նստարան տեղադրվեց նույն բովանդակությամբ հուշատախտակով: Մինչդեռ, ինչպես հայտնում է Tert.am-ը, Կալգարիի քաղաքային իշխանությունները թույլ չեն տվել տեղադրել նստարանի գրության ամբողջական ադրբեջանական տարբերակը` ներառյալ հայերի նկատմամբ մեղադրանքներով հանդերձ, ցուցանակներին պարզապես գրված է «Խոջալուի ողբերգությունը»:

Ինչպես և ակնկալվում էր, ադրբեջանական մամուլն ակտիվորեն լուսաբանում էր միջոցառումը՝ ներկայացնելով այն որպես ադրբեջանական դիվանագիտության հաղթանակ: Այդպես, Կանադայում Ադրբեջանի ժամանակավոր հավատարմատար Ռամիլ Հուսեյնլին բնութագրել է ակցիան որպես «կարևոր ավանդ երկրում Խոջալուի մասին ճշմարտության տարածման գործում»: Նա նաև իրազեկել է «Արդարություն Խոջալուի համար» միջազգային արշավի մասին՝ կոչ անելով Կանադայի ադրբեջանցիներին առավելագույն ջանքերը գործադրել երկրի հանրությանը հասցնելու համար ճշմարտությունն «Ադրբեջանի դեմ Հայաստանի ռազմական ագրեսիայի մասին»:

Իրականում նստարաններն ու ծառը ոչ մի կերպ չեն կարող դիվանագիտական հաղթանակ համարվել կամ Ադրբեջանի աննկարագրելի ջանքերի արդյունք: Ամեն ինչ շատ ավելի պարզ է:

Հուշատախտակով ծառն ու նստարանը տեղակայվել են քաղաքի բարեկարգման ծրագրի օգտագործմամբ. համապատասխան վճարի դիմաց կարելի է ծառ տնկել՝ հուշատախտակով և նստարան տեղադրել։ Ծառայությունը հասանելի է ինչպես կազմակերպությունների, այնպես էլ մասնավոր անձանց համար: Ըստ ծրագրի պայմանների, նստարանի արժեքն է 3500 դոլար: Նստարանը տեղադրվում է 5-10 տարի ժամկետով, որից հետո ժամկետը կարող է երկարացվել համապատասխան գումարի դիմաց: Քաղաքային զբոսայգիներում արդեն մոտ 1000 այդպիսի նստարաններ կան:

Հուշատախտակով ծառի արժեքն է 500-800 դոլար: Դա կարելի է անել, օրինակ, ի նշանավորումն հարսանյաց հանդեսի, ծննդյան օրվա, ցանկացած հիշարժան իրադարձության առթիվ:

Այսպիսով, «ադրբեջանական դիվանագիտության» հերթական «հաղթանակի» արժեքն է 4000-4300 դոլար: Ինչպես արդեն բազմիցս է ասվել ու գրվել, ադրբեջանական քարոզչությունը շարունակում է մոլորեցնել միջազգային հանրությանը և ադրբեջանական ժողովրդին, կեղծելով ղարաբաղյան հակամարտության էությունն ու պատմությունը: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ադրբեջանը փող չի խնայում Խոջալուի իրադարձությունների իր վարկածն աշխարհին հրամցնելու համար: «Ուղեղները լվանալու» համար են ծառայեցվում քարոզչական գրականությունը, կեղծված փաստաթղթերը, որպես «փաստացի ապացույց» ներկայացվող լուսանկարները, որտեղ հաճախ պատկերված են նախկին Հարավսլավիայի, Կոսովոյի, արաբական երկրների իրադարձություններ և նույնիսկ 20-րդ դարասկզբին ապրած մարդկանց արխիվային լուսանկարներ:

Բոլորն արդեն գիտեն, որ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը հենց իր քաղաքական ընդդիմախոսներին մեղադրեց Խոջալուի իրադարձությունների համար: Նա հարցազրույց տվեց, որտեղ հայտարարեց, որ «…հայերը միջանցք էին թողել, որով մարդիկ կարող էին փախչել: Ուրեմն ինչո՞ւ էր պետք կրակ բացել: Հատկապես Աղդամում, որտեղ բավականաչափ ուժ ու ժամանակ կար մարդկանց օգնության գալու համար: Ինչպես ասում են Խոջալուի փրկված բնակիչները, ամեն ինչ կազմակերպված էր, հող ստեղծելու համար իմ պաշտոնանկության համար: Որոշ ուժեր ձգտում էին վարկաբեկել նախագահին»:

Շատ ավելի ուշ ադրբեջանցի լրագրող Էյնուլլա Ֆաթուլաևը պնդում էր, որ «նույնիսկ գրոհից մի քանի օր առաջ հայերը մշտապես զգուշացնում էին բնակչությանը պատրաստվող գործողության մասին բարձրախոսների միջոցով՝ առաջարկելով քաղաքացիներին լքել քաղաքը հումանիտար միջանցքով: Ըստ Խոջալուի նախկին բնակիչների, նրանք օգտվեցին միջանցքից, և իրոք, հայ զինվորները կրակ չբացեցին նրանց ուղղությամբ»:

Այնուամենայնիվ, շարունակել է Ֆաթուլաևը, «…Խոջալուի բնակիչների մի մասը սպանվեց սեփական (ադրբեջանցի) զինվորների կողմից:…Արդյո՞ք դա միտումնավոր է արվել թե ոչ, պետք է հետաքննությունը հաստատի…Նրանց սպանել են ոչ թե ինչ-որ անհայտներ, այլ սադրիչներ Ադրբեջանի Ժողովրդական ճակատից…(Դիերը) խոշտանգել էին հենց յուրայինները…»:

Դառը ճշմարտությունն Ադրբեջանի համար այն է, որ ոչ մի նստարան-ծառ-հուշատախտակ չի կարող ստիպել համաշխարհային հանրությանը հավատալ «Խոջալուի ցեղասպանության մասին» միֆին: Անկախ նրանից, թե ինչքան փող է ծախսել Բաքուն այդ հարցում իր համար շահավետ դիրքից հանդես գալու համար

Մարինա Անանիկյան / PanARMENIAN.Net, Photo: Vesti.az