Համայն Վրաստանի պատրիարքը հանդիպել է երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:Ըստ Apsny.ge հաղորդագրության, հանդիպմանը ներկա են եղել, մասնավորապես, Վրաստանի հայերի միության և պատրիարքարանին կից գործող Միջկրոնական հարաբերությունների խորհրդի անդամները:
«Մենք շատ բարդ ժամանակներում ենք ապրում: Միջազգային հարաբերությունները շատ են բարդացել: Հայաստանն ու Վրաստանը քրիստոնեության օազիսներ են մահմեդական աշխարհում: Հիշում եմ իմ հանդիպումը Հռոմի պապի հետ Վատիկանում: Նա վերցրեց ատլասն ու նայում էր, թե աշխարհագրորեն որտեղ են գտնվում Վրաստանն ու Հայաստանը: Հետո ասաց, որ Վրաստանն ու Հայաստանը շատ բարդ աշխարհագրական դիրք ունեն, որ դրանք քրիստոնեության օազիսներ են: Ուստի մենք պետք է հատկապես ուշադիր լինենք միմյանց նկատմամբ: Հաճախ են դեպքերը, երբ մեր ժողովրդների այս կամ այն ներկայացուցիչը, լինի դա վրացի կամ հայ, հայտարարություններ է անում, որոնք վնասում են մեր հարաբերություններին»,- ասել է պատրիարքը:
Իլիա Երկրորդը հիշատակել է նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի այցը Վրաստան 2011-ին և նրա հետ զրույցի մանրամասները: Ըստ պատրիարքի, անդրադարձ է կատարվել միջազգային հարաբերություններին, Իլիա Երկրորդն ասել է, թե Հայաստանից բացասական բովանդակության նամակներ են ուղարկվում Վրաստանի վերաբերյալ ՄԱԿ ու այլ միջազգային կազմակերպություններ:
«Մենք չպետք է միմյանց մասին վատը գրենք, Վրաստանը բացասական ոչ մի բան չի գրի միջազգային կառույցներին: Այնպես որ, իմ հույսը դուք եք, հուսով եմ, որ հասկանում եք մեր սերտ հարաբերությունների նշանակությունը: Երբ լավ է եղել Վրաստանի համար, լավ է եղել նաև Հայաստանի համար, և հակառակը, երբ վատ է եղել Վրաստանի համար, վատ է եղել նաև Հայաստանի համար: Ուստի մենք պետք է փայփայենք մեր հարաբերությունները: Ես ուզում եմ ասել, որ վրաստանաբնակ հայերը դա լավ են զգում և երախտապարտ եմ նրանց այդ ընկալման ու ուշադրության համար»,-ասել է նա:
Հանդիպման մասնակից հայ համայնքի ներկայացուցիչները նշել են, որ իրենք Վրաստանի քաղաքացիներ են և Վրաստանի ցավն իրենց ցավն է: Նրանք հույս են հայտնել, որ համատեղ ջանքերով կհաղթահարվի ցանկացած խնդիր: