26 սեպտեմբերի 2014 - 20:06 AMT
Ստեփանակերտը պատրաստ է վերադարձնել ադրբեջանցի դիվերսանտի դին

Հաշվի առնելով հանգամանքը, որ Շահումյանի շրջան ներթափանցած հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի՝ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերած, վնասազերծված և ոչնչացված անձի ինքնությունն արդեն պարզվել է՝ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Հ.Հասանով, ԼՂՀ իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և հավատարմություն Ժնևյան կոնվենցիայի դրույթներին, միակողմանի կարգով իրենց պատրաստակամությունն են հայտնում հանձնել նրա դին Ադրբեջանի Հանրապետությանը։

Ավելի վաղ՝ հուլիսի 26-ին տարածած հաղորդագրության մեջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը հայտարարություն թր տարածել, թե համապատասխան որոշում կընդունեն անհայտ երրորդ անդամի ինքնությունը պարզելուց հետո միայն:

Ադրբեջանական ստորաբաժանումները, պարբերաբար խախտելով հրադադարի ռեժիմը ԼՂՀ ԶՈւ հետ շփման գծում և հայ-ադրբեջանական սահմանին, գնդակոծում են ոչ միայն հայկական կողմի մարտական դիրքերը, այլ նաև սահմանամերձ գյուղերը, ինչը կորուստների պատճառ է դառնում նաև խաղաղ բնակչության շրջանում: Բացի այդ, ադրբեջանական կողմը դիվերսիոն փորձեր է ձեռնարկում:

Հուլիսի 10-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը (ծնված 1968թ.) և Հ.Հասանովը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք:

Հատուկ առաջադրանքով հավաքագրել են տեղեկություններ` դրանով իսկ կատարելով լրտեսություն, իսկ հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ բացահայտ առևանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին, ում դին հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ և Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

Հուլիսի 14-ին Քարվաճառում ավարտվել էր ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը, որի արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել էին։ ԼՂՀ Շահումյանի շրջանի տեղամասում ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների կողմից կատարված դիվերսիոն գործողությունների փաստի առթիվ հավաքագրված նախնական նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ։

Հ.Հասանովը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երևան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ և ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում` վնասազերծվել:

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը ձերբակալվել ու կալանավորվել են: