27 սեպտեմբերի 2014 - 11:30 AMT
Բաքվի հերթական սուտը. ԵԽԽՎ նախագահը ԼՂ-ի հայերի և ադրբեջանցիների հանդիպման առաջարկ չի արել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը հերքել է ադրբեջանական լրատամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Բաքվում՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամների հետ հանդիպմանն առաջարկել է «Լեռնային Ղարաբաղի հայ և ադրբեջանցի համայնքների միջև հանդիպում կազմակերպել, որը դրական քայլ կլինի հակամարտության կարգավորման հարցում` չնայած Հայաստանի ապակառուցողական դիրքորոշմանը»։

Ստրասբուրգում, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք լուրը համապատասխանում է իրականությունը և Անն Բրասյորը հանդես է եկել նման առաջարկությամբ, ԵԽԽՎ նախագահի գրասենյակից պատասխանել են, որ այցի ուղերձները ներառվել են իրենց հաղորդագրության մեջ, որում, իհարկե, խոսք չկա «ԼՂ-ի հայ և ադրբեջանցի համայնքների հանդիպման առաջարկի մասին», գրում է Panorama.am-ը։

«Ես ցանկանում եմ ընդգծել ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Բաքվում արած հայտարարությունը, այն է․«Վեհաժողովը չպետք է միջամտի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, այլ մենք կարող ենք օգնել ԵԽԽՎ-ում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների միջև վստահության կառուցմանն ու երկխոսության զարգացմանը»,- ասել է ԵԽԽՎ պաշտոնյան։

Սեպտեմբերի 24-ին ադրբեջանական լրատվականները գրել էին, թե Անն Բրասյորը, խոսելով այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումների մասին, ասել է` քննարկված թեմաներն իրեն օգնել են պատկերացում կազմել Ադրբեջանում ներկայում տիրող իրավիճակի մասին: «Նա նշել է, որ չնայած Հայաստանի ապակառուցողական դիրքորոշմանը, Լեռնային Ղարաբաղի համայնքների միջև հանդիպման կազմակերպումը կարող է հակամարտության կարգավորման ճանապարհին դրական քայլ դառնալ»:

Բաքվում լրագրողների հետ հանդիպմանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյորը հայտարարել է, որ ուկրաինական ճգնաժամը և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարբեր խնդիրներ են:

«Պաշտոնական Մոսկվան բռնակցել է Ղրիմը Ռուսաստանին, ինչը կատարվել է միջազգային իրավունքի խախտումներով»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե ինչու ԵԽԽՎ-ի` Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու որոշումը չի ընդունվում նաև Հայաստանի նկատմամբ։

Բրասյորը նշել է, որ հիմնական տարբերությունն այն է, որ Ղրիմը միացել է Ռուսաստանին, բայց դա չի նշանակում, թե Լեռնային Ղարաբաղի իրավիճակն ընդունելի է։

ՌԴ-ին Ղրիմի միանալուց հետո Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում սկսվեցին զինված բախումներ: Այդ շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքում հռչակվեցին Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ: Ուկրաինայի իշխանությունները չեն ճանաչել ինքնահռչակ հանրապետությունները և հատուկ գործողություն են իրականացնում նրանց կողմնակիցների դեմ:

Սեպտեմբերի 12-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանական լրատվականները «խմբագրել» են նաև Սերբիայի առաջին փոխվարչապետ և ԱԳ նախարար Իվիցա Դաչիչի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի համատեղ ասուլիսը:

Նա սեպտեմբերի 9-ին այցով ժամանել է Բաքու, որտեղ, Interfax.az փոխանցմամբ, ԱԳ նախարար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում իբրև թե՝ հայտարարել է, որ «Սերբիայի և Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են, և իրենք պաշտպանում են իրենց երկրների տարածքային ամբողջականությունը»:

Ստուգման արդյունքում պարզվել է, որ նման հայտարարություն արել է հենց ինքը՝ Մամեդյարովը: Իսկ ասուլիսի ժամանակ պատասխանելով ղարաբաղյան կարգավորման մասին Սերբիայի դիրքորոշման վերաբերյալ հարցին` Դաչիչը միայն ասել է, որ անհրաժեշտ է բացառել ուժի կիրառումը և ջանքերն ուղղել խաղաղ բանակցություններին, և որ Սերբիան ողջունում է ցանկացած երկխոսություն` ուղղված խաղաղ բանակցություններին: