27 սեպտեմբերի 2014 - 13:09 AMT
Նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումները

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 26-ին հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սերժ Սարգսյանն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում քննարկված կարևորագույն օրակարգային հարցերի շուրջ:

Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի կայունությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր: Հանրապետության նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները:

Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու ակտիվ ներգրավվածությունը ՄԱԿ-ի և նրա կառույցների գործունեությանը:

Նյու Յորքում նախագահ Սերժ Սարգսյանը նաև այցելել է Սուրբ Վարդան Հայ Առաքելական եկեղեցի, ծաղիկներ խոնարհել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի առջև:

Հանրապետության նախագահն այնուհետև Հայ Առաքելական եկեղեցու Ամերիկայի արևելյան թեմի առաջնորդ Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանի կողմից հյուրընկալված աշխատանքային ճաշի ընթացքում հանդիպել է Նյու Յորքի և Նյու Ջերսիի հայ համայնքի ականավոր համայնքային գործիչների հետ:

Սեպտեմբերի 24-ին ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Նյու Յորքում ընթացող Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում: Նա անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին արձանագրություններին, Սիրիայում, Իրաքում ու Լիբանանում ստեղծված իրավիճակին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու այլ հարցերի: