7 հունիսի 2006 - 14:34 AMT
Ռ.Քոչարյան. Համագործակցությունը կարող է նպաստել տարածաշրջանային հակամարտությունների լուծմանը
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը (ՍԾՏՀԿ) միշտ եղել է արդյունավետորեն գործող կառույց, սակայն այս կազմակերպությունը մեծ ներուժ ունի: Այդ մասին ասվում է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձում, որը նրա օգնական Վիգեն Սարգսյանն ընթերցել է Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի 27-րդ ընդլայնված նիստի բացմանը Երեւանում: ՀՀ նախագահն ընդգծել է փոխադարձ ներդրումների խրախուսման եւ տարածաշրջանում մրցակցային միջավայրի ձեւավորման անհրաժեշտությունը, հատկապես տրանսպորտի, մշակութային եւ գիտական ծրագրերի զարգացման ոլորտում: Իր ուղերձում Ռ.Քոչարյանը կարեւորել է նաեւ մասնակից երկրների համագործակցության զարգացումը խրախուսելը առանց սպասելու առկա տարածաշրջանային հակամարտությունների եւ տարաձայնությունների կարգավորմանը: «Համագործակցությունն ինքնին կարող է նպաստել այդ հակամարտությունների կարգավորմանը»,-գտնում է Ռ.Քոչարյանը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»: