29 սեպտեմբերի 2014 - 17:58 AMT
ՌԴ տնտեսական զարգացման նախարարություն. ՀՀ-ն կարող է ԵՏՄ անդամ դառնալ 2015-ի հունվարի 2-ին

Հայաստանը կարող է ԵՏՄ անդամ դառնալ արդեն 2015-ի հունվարի 2-ին, Դաշնության խորհրդի Միջազգային գործերի կոմիտեի նիստում այդ մասին հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ՄՄ մարմինների և ԱՊՀ երկրների հետ տնտեսական գործակցության դեպարտամենտի փոխտնօրեն Աննա Սիսոևան:

«Փաստաթղթի վավերացումը զուգահեռ է ընթանում, սակայն չի ստացվում անել նույն օրը»,-ասել է Սիսոևան՝ հավելելով, որ Ղազախստանը կվավերացնի այն հոկտեմբերի 2-ին, Բելառուսը՝ հոկտեմբերի 7-ին: «Սակայն, ընդհանուր առմամբ մենք հուսով ենք, որ հոկտեմբերի 10-ին, երբ նախագահները կհավաքվեն Մինսկում, նրանց համար հայտարարություն կպատրաստենք այն մասին, որ երեք երկրներն ավարտել են վավերացումը և պատրաստ են, որ պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015-ի հունվարի 1-ից»,-ասել է նա:

Անդրադառնալով ԵՏՄ ընդլայնման հեռանկարներին՝ Սիսոևան ասել է, որ Ղրղզստանում կյանքի է կոչվում ճանապարհային քարտեզը, իսկ Հայաստանն արդեն ավարտել է գործընթացը: «Պատրաստ է միացման մասին պայմանագիր, և եթե ամեն ինչ տեղի ունենա և ոչ մի բան չխափանվի, ապա հոկտեմբերի 10-ին Մինսկում, մենք ենթադրում ենք, որ պայմանագիրը կստորագրվի, ինչը կնշանակի, որ Հայաստանն արդեն 2015-ի հունվարի 2-ից կդառնա ԵՏՄ անդամ»,-հայտարարել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Մինչդեռ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան բաժանմունքի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը կարծում է, որ ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը կբարելավի երկրի տնտեսական ցուցանիշները: «Եվրասիական ինտեգրման բուն գործընթացը փաստաթղթի առկայության դեպքում կհանգեցնի ավելի մեծ կարգապահության մակրոտնտեսական ցուցանիշներում, քանի որ հայտնի է, որ փաստաթուղթը բավականին հստակ է կանոնակարգում այն դիրքերը, որտեղ երկիրը պետք է ապահովի ցուցանիշները մակրոտնտեսության տեսակետից»,-ասել է Մարկարովը «Ռուսաստան-Հայաստան՝ հարաբերությունները արդի փուլում» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջի ժամանակ:

Մարկարովը նշել է, որ ինտեգրացիոն նախագծերը նոր դինամիկա կհաղորդեն հայ-ռուսական հարաբերություններին, ինչպես նաև կնպաստեն դրական միտումներին Բելառուսի և Ղազախստանի հետ հարաբերություններում, թեև հայտնի է, որ այդ երկրները զգալի ավանդ չունեն Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններում: Ըստ նրա, Հայաստանի ու Ռուսաստանի միջ հարաբերությունների սպեկտրը քաղաքական, ռազմական, ռազմավարական, տնտեսական, մշակութային ու կրթական գործակցության ոլորտներում է:

«Բավականին լուրջ է ընկալվում ՌԴ դերը ողջ տարածաշրջանում, այդ թվում նաև ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացի շրջանակում: Եվ այն փաստը, որ օգոստոսյան հանդիպումը Սոչիում հանգեցրեց լարվածության նվազմանը շփման գծում, մեկ անգամ ևս շեշտում է Ռուսաստանի դերը ոչ միայն երկկողմ հարաբերություններում, այլ նաև տարածաշրջանային գործակցության առումով»,-ասել է Մարկարովը:

Փորձագետը նշել է, որ Ռուսաստանին են բաժին ընկնում ամենախոշոր արտասահմանյան ուղղակի ներդրումները Հայաստանում, և աճը մշտական է: «Միևնույն ժամանակ Ռուսաստանը հանդես է գալիս որպես Հայաստանի հիմնական առևտրատնտեսական գործընկերներից մեկը»,-ասել է նա:

Ռուսաստանի Պետդուման սեպտեմբերի 26-ին վավերացրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը, որը ստորագրել են Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահներն ընթացիկ տարվա մայիսի 29-ին Աստանայում:

Պայմանագիրը սահմանում է Եվրասիական տնտեսական միությունը, որով նախատեսվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժ, ինչպես նաև երկրների համակարգված տնտեսական քաղաքականություն: Փաստաթուղթը ենթադրում է անցում միասնական մաքսատուրքի:

Միության բյուջեն ձևավորվելու է ռուբլիով ԵՏՄ անդամ պետությունների փայաբաժին անդամավճարներով, որոնց չափը հաստատելու է գերագույն խորհուրդը, որի կազմում կլինեն պետությունների ղեկավարները:

Սեպտեմբերի սկզբին պայմանագիրն ուղարկվեց չորս երկների կառավարությունների հաստատմանը: Ստորագրման օրվա մասին վերջնական որոշումը կայացնելու են չորս երկրների նախագահները:

Չի բացառվում, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում: