29 սեպտեմբերի 2014 - 21:30 AMT
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը բողոքարկել է բյուրոյի ադրբեջանամետ որոշումները

Նիդերլանդները ներկայացնող պատգամավոր Թինի Կոքսը սեպտեմբերի 29-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հաստատմանն է ներկայացրել վեհաժողովի Բյուրոյի կայացրած որոշումները, որոնցում ներառված էր նաև սեպտեմբերի 2-ին Փարիզում կայացրած որոշումը:

Վերջինով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ադրբեջանական 2 բանաձևերի նախագծերն ուղարկվում են ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողով, որն էլ պետք է պատրաստի համատեղ զեկույց։ Այն վերնագրվել է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ»։

Բյուրոյի որոշմանը, սակայն, անհամաձայնություն է հայտնել հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ բողոքարկելով բյուրոյի որոշումը և առաջարկելով հարցն ուղարկել մոնիտորինգի կոմիտե՝ ի գիտություն։ Սակայն, քվեարկության արդյունքում առաջարկը մերժվել է 41 կողմ, 74 դեմ ձայնով։

Հերմինե Նաղդալյանը մինչև բյուրոյի որոշմանն անհամաձայնություն հայտնելը հանդես է եկել ելույթով և ասել, որ Հայաստանը միջազգային կառույցներին կոչ է անում զգուշավորություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցերում. ԼՂ հակամարտության կարգավորման հարցում հիմնարար է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, որն էլ պետք է գտնի խնդրի կարգավորման խաղաղ տարբերակը։

«Սա միակ միջազգային կառույցն է, որն ունի մանդատ՝ ԼՂ հակամարտության կարգավորման համար, որին աջակցում են միջազգային կառույցները, ԵՄ-ն և մեր կազմակերպությունը։ Մենք կոչ ենք անում Վեհաժողովին՝ խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման վրա»․- ասել է Հերմինե Նաղդալյանը՝ ԵԽԽՎ-ի ուշադրությունը հրավիրելով փաստաթղթի անվան վրա՝ այն է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ», որն արդեն իսկ խոսում է՝ կանխորոշելով սուբյեկտիվությունը։

«Իրավիճակն այնքան փխրուն է, որ ցանկացած քայլ կարող է լարվածություն առաջացնել սահմանին։ Մենք հավատացած ենք, որ այս վեհաժողովը պետք է քայլեր ձեռնարկի հայ և ադրբեջանցի պատվիրակների միջև վստահության հաստատման համար, քան նոր պատերազմներ կառուցի։ ԵԽԽՎ-ն պետք է իր առաջնային նպատակը կատարի՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունը»,-ասել է ՀՀ պատվիրակության ղեկավարը՝ ևս մեկ անգամ կոչ անելով ԵԽԽՎ անդամներին՝ «շատ զգույշ լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված հարցում, որը մեզ համար կարևոր և կենսական է»։

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Բյուրոն սեպտեմբերի 2-ին Փարիզում կայացած նիստում որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ադրբեջանական 2 բանաձևի նախագծերն ուղարկել ԵԽԽՎ քաղաքական հարցերով հանձնաժողով, որը պետք է պատրաստի համատեղ զեկույց։ Զեկույցը վերնագրվել է «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում բռնությունների աճ»։ Բանաձևի նախագծերը ներկայացվել էին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում։ Բանաձևերի նախագծերից մեկը ներկայացրել էր ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովը, երկրորդը ԵԽԽՎ-ում Հունաստանի պատգամավոր, Հունաստանի նախկին արտգործնախարար Թեոդորա Բակոյանիսը։

Հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում ազատ քննարկմանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի մասին բյուրոյի վերջին որոշման մասին: Նա նշել է, որ ամբողջ աշխարհը ցնցված է «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումների՝ ISIS-ի կողմից կազմակերպված վայրագություններից:

«Այս համատեքստում ես ցանկանում եմ խոսել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ստեղծված իրավիճակի մասին: Այն մեր տունն է, ուստի այստեղ կարող ենք ազատորեն խոսել մեր խնդիրների մասին: Խոսելով եվրոպական արժեքների և չափանիշների մասին՝ թույլ տվեք անցկացնել համեմատականներ եվրոպական արժեքները դրսից ոչնչացնողների և այն մարդկանց միջև, ովքեր անում են նույն բանը ներսից, այսինքն՝ ԵԽԽՎ այն անդամները, ովքեր խեղաթյուրում են եվրոպական արժեքները նավթադոլարների դիմաց: Պետք է նշեմ, որ վերջիններս ավելի վտանգավոր են: ISIS-ն առնվազն չի թաքցնում իր մտադրությունները՝ ի տարբերություն նրանց, ովքեր կատարում են իրենց տերերի հրամանները (իսկ մենք բոլորս գիտենք նավթադոլլարներ բաժանողներն ովքեր են)՝ քողարկելով դրանք կեղծ եվրոպական արժեքային համակարգի շղարշով»,- ասել է նա:

Նա ընդգծել է մի քանի պատճառ, որ կասկածի տակ են դնում նման որոշման իրավաչափությունը.

«Ա. Մինսկի խմբի՝ որպես այս հարցին առնչվող մասնագիտացված մարմնի գոյությունը, որին բոլոր կողմերը տվել են իրենց համաձայնությունը և ընդունել դրա իրավասությունը: Եվ որ ավելի կարևոր է Եվրոպական միությունը տարներ շարունակ աջակցում է միջազգային ձևաչափը:

Ցանկանում եմ չհամաձայնվել ու հարց ուղղել բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ Խորհրդարանական վեհաժողովն այս հարցերում մանդատով է օժտված: Ո՞րն է ԵԽԽՎ-ի մանդատը, վեճերի լուծու՞մը: Արդյո՞ք այն ունի ահրաժեշտ միջոցներ և իրավասություն դրա համար: Թույլ տվեք հիշեցնել, որ գոյություն ունի լուրջ բանավեճ Եվրոպական միության հետ՝ կապված Եվրոպայի խորհրդի իրավունքների և պարտականությունների շրջանակի և իրավասության վերաբերյալ: Անգամ այս ամենն այդքան կարևոր չէր լինի, եթե համոզված չլինեինք, որ և´ նախաձեռնության, և´ զեկույցի ճակատագիրը արդեն որոշված է:

Դա ակնհայտ է զեկույցի վերտառությունից, այն է՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և ադրբեջանական այլ գրավյալ տարածքներում»,- ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս վերտառությունը չի արտացոլում ոչ ԵԱՀԿ-ի, ո´չ Եվրոպայի խորհրդի, ո´չ էլ առավել ևս Հայաստանի մոտեցումը և տերմինաբանությունը, բայց այն արտացոլում է Բաքվի պաշտոնական դիրքորոշումը. «Այսպիսով, Եվրոպայի խորհուրդը պատրաստվում է եվրոպականացնել Բաքվի պաշտոնական դիրքորոշումը և դարձնել Խորհրդարանական վեհաժողովը միլի մեջլիսի կցորդը»:

Արփինե Հովհաննիսյանը հարց է ուղղել ԵԱՀԿ նախագահին, թե ինչով է պայմանավորված իրենց լռությունն և անգամ անտարբերությունը բոլորի կողմից ԵԽԽՎ-ի հասցեին հնչեցվող քննադատությունների նկատմամբ:

«Այս ամենի արդյունքում մեր աշխատանքը կդառնա ինքնանպատակ, իսկ մեր գործունեության արդյունքները կարժեզրկվեն և դրանց մասին կխոսվի միայն այս պատերի ներսում: Ես սա ասում եմ ցավով, որպես երիտասարդ խորհրդարանական, որը մինչ այս պահը հավատում էր եվրոպական արժեքներին»,- եզրափակել է Արփինե Հովհաննիսյանը: