30 սեպտեմբերի 2014 - 13:53 AMT
Թուրքական համալսարանը հակահայ պաստառի մրցույթ է հայտարարել. Արդյունքները կամփոփվեն Դինքի սպանության օրը

Անկարայի Գեզի համալսարանն Ադրբեջանի դեսպանության հետ համատեղ պաստառի մրցույթ է հայտարարել «Բոլորը քնած են. հայերի հալածանքներն Անատոլիայից մինչև Կովկաս» թեմայով:

Ըստ Asbarez-ի, մրցույթի հաղթողները կհայտարարվեն հունվարի 19-ին՝ Հրանտ Դինքի սպանության օրը:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին իր թերթի խմբագրության առջև: Կասկածյալ Օգյուն Սամասթը ձերբակալվեց 32 ժամ անց: 2011թ. ամռանը Ստամբուլի դատարանը նրան դատապարտեց 21 տարվա ազատազրկման: Լսումների ժամանակ Սամասթը հայտարարեց, թե ինքը դարձել է թուրքական իշխանությունների հակահայկական քարոզչության զոհը: Փաստեր են ի հայտ գալիս, որ Դինքի սպանությանը մեղսակից են «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության անդամները: Դինքի սպանությունից հետո նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը հեռացավ Թուրքիայից, վախենալով հաշվեհարդարից:

Հունվարի 17-ին թուրքական դատարանը 10 տարվա ազատազրկման դատապարտեց «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով մեղադրվող Էրհան Թունջելին և ցմահ բանտարկության` Յասին Հայալին: Դատավարությունը տևեց 5 տարի: Դինքի ընտանիքի փաստաբանները գտնում են, որ Սամասթը գործիք է եղել հանցագործության պատվիրատուների ձեռքին:

Մրցույթի նկարագրության մեջ ասվում է, որ թուրքերի իշխանության տակ հայերը խաղաղ են ապրել ու բարգավաճել, սակայն դադարել են լոյալ ազգ լինել և ապստամբել են արևմտյան տերությունների սադրանքների հետևանքով: Ասվում է, որ թուրքերն ու ադրբեջանցիները «ցեղասպանության» են ենթարկվել հայերի կողմից:

Կազմակերպիչները խորհուրդ են տալիս պատկերել «դաշնակցական ավազակախմբերի կողմից» թուրքերի սպանություններն ու բռնաբարությունները, տառապանքները, ուշադրություն դարձնելով նաև «Ղարաբաղի օկուպացիային» և այլ ադրբեջանա-թուրքական քարոզչական շտամպեր: Գլխավոր մրցանակը կլինի հաղթողների աշխատանքների ցուցադրությունը Բաքվում: «Ժյուրիում» են Թուրքիայի, Ադրբեջանի և Միջին Ասիայի թրքալեզու երկրների գեղարվեստի ակադեմիաների ներկայացուցիչները:

Հատկանշական է, որ մրցույթի կազմակերպիչը պետական ուսումնական հաստատություն է: Գեզի համալսարանը հիմնադրվել է 1926 թվականին Քեմալ Աթաթուրքի կարգադրությամբ որպես ուսուցիչների պատրաստման ինստիտուտ, վերածվել է համալսարանի Անկարայի էկոնոմիկայի ու առևտրի ակադեմիայի և ևս մի քանի ուսումնական հաստատությունների հետ միավորվելուց հետո: Համալսարանում սովորում է մոտ 50 000 ուսանող, այդ թվում 1 500 ուսանող Միջին Ասիայի թրքալեզու երկրներից: