30 սեպտեմբերի 2014 - 16:12 AMT
Շոտլանդիայի հանրաքվեի հետևանքները. Այժմ բոլորը Բրիտանիայում իրենք են ուզում տնօրինել իրենց ապագան

Շոտլանդիայի անկախության մասին հանրաքվեն «անջատումների» ու ինքնավարության ավելի լայն ընկալման ալիք բարձրացրեց ոչ միայն աշխարհի տարբեր երկրներում, այլ նաև բուն Մեծ Բրիտանիայում: Russia Today-ն ուսումնասիրել է բրիտանական հասարակության տրամադրությունները, հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ որոշել են, հավանաբար, կասկածի տակ առնել Լոնդոնի ազդեցությունը:

Ինչպես նշում է պարբերականը, «Շոտլանդիային ավելի լայն լիազորություններ խոստացան, եթե վերջինս մնա Մեծ Բրիտանիայի կազմում: Սակայն հազիվ թե Վեսթմինսթերում կանխատեսում էին, թե որքան գրավիչ կլինի տարածաշրջանների իրավունքների ընդլայնման գաղափարը: Այժմ տեղական մարմինների ավելի մեծ ինքնուրույնություն և ֆինանսավորման ավելացում են պահանջում Միացյալ Թագավորության արդեն բոլոր կողմերում: Ոչ մի խոշոր, զարգացած պետության մայրաքաղաք այդքան մեծ իշխանություն չունի մյուս տարածքների համեմատ, որքան Լոնդոնը՝ իշխելով Մեծ Բրիտանիայի մյուս մասերին: Լոնդոնի տնտեսության ծավալը շատ ավելի մեծ է, քան ցանկացած կոմսության տնտեսության ծավալը: Լոնդոնից դուրս ապրող բրիտանացիներն ասում են, որ այդ քաղաքը չափից շատ փող ու տաղանդներ է խլում ի վնաս մյուս շրջանների: Սակայն շուտով ամեն ինչ կարող է փոխվել»:

Լիազորությունների ընդլայնման հերթում առաջինը Ուելսն է, որտեղ զգալի է ծայրահեղ ազգայնականների քանակը: Տեղի կառավարությունն իշխանության նույնքան լծակներ ունի, որքան ուներ Շոտլանդիայի խորհրդարանը: Սակայն շատերն Ուելսում կարծում են, որ իրենց ավելի լայն իրավունքներ են հարկավոր, որպիսիք խոստացվել են Էդինբուրգին հանրաքվեի շեմին:

Ըստ Ուելսի կուսակցության առաջնորդ Լինն Վուդի, վերջերս մի շարք փաստաթղթեր կազմվեցին ու պայմանավորվածություններ, որոնք ամրագրում են միջկուսակցական համաձայնագիրը Ուելսին անհրաժեշտ լիազորությունների մասին: Քաղաքական գործիչը գտնում է, որ ժամանակն է այդ գավառին ավելի մեծ հարկային ու էներգետիկ ինքնուրույնություն տալ: Հարկավոր է նաև Ուելսին փոխանցել արդարադատության համակարգը, գոնե մասնակիորեն:

2004-ին Հյուսիսային Անգլիայի շրջանները վճռականորեն մերժեցին Լոնդոնից ավելի լայն լիազորություններ ստանալու գաղափարը: Այն ժամանակ հասարակությունն եկավ այն եզրակացության, որ այդ ամենն անխուսափելիորեն կհանգեցներ բյուրոկրատիայի աճին: Սակայն շոտլանդական պատմական հանրաքվեն շատերին ստիպեց փոխել կարծիքը:

Ինչպես գրում է պարբերականը, Քորնուոլը նույնպես լրացուցիչ ազատություններ է պահանջում և ուզում է, որ առաջիկայում քննարկվի Մեծ Բրիտանիայի բաղկացուցիչ մասերի կառավարման սկզբունքները: Եվ Յորքշիրի կոմսությունը, որի բնակչության քանակը համեմատելի է Շոտլանդիայի հետ, իսկ տնտեսության ծավալը՝ Ուելսի, հերթի են կանգնել ավելի մեծ ինքնավարության համար: Yorkshire First կուսակցության առաջնորդ Ռիչարդ Քարթերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից անարդար է իրավունք տալ Շոտլանդիային ինքնուրույն լուծելու իր խնդիրները և նույնը թույլ տալ Ուելսին կամ Լոնդոնին՝ զրկելով նման հնարավորությունից Յորքշիրին: Խոշոր քաղաքները նույնպես ավելի շատ իշխանություն են ուզում՝ Բիրմինգեմը, Լիդսը, Մանչեսթերը, Նյուքասլը, Լիվերպուլը և մյուսները պահանջում են ընդլայնել լիազրությունները նույն ծավալով, որով դա կարվի Շոտլանդիայի դեպքում:

Ինչպես կարծում է Alpari UK վերլուծաբան Ջոշուա Մահոնին, Մեծ Բրիտանիայի տարբեր տարածաշրջանների բնակիչներ գալիս են եզրակացության, որ պետք է Լոնդոնից փող ուզել՝ յուրաքանչյուրն ինքն է ուզում տնօրինել իր ապագան: Լիազորությունների տարանջատումը ժամանակի հետ կարող է ամբողջությամբ վերափոխել երկիրը: Ավելին, դա կարող է անդրադառնալ նաև ընդհանուր առմամբ Եվրոպայում տիրող վիճակի վրա՝ չի բացառվում, որ Մեծ Բրիտանիայի այսօրվա խնդիրները սառցաբեկորի միայն գագաթն են:

Սեպտեմբերի 18-ին Շոտլանդիայում տեղի ունեցավ հանրաքվե, որի միակ հարցը հետևյալն էր. «Համաձա՞յն եք, որ Շոտլանդիան անկախ երկիր դառնա»: Ձայների վերջնական հաշվարկի համաձայն, շոտլանդացիների մեծ մասը կողմ է արտահայտվել Մեծ Բրիտանիայի միասնությանը՝ չսատարելով անկախության գաղափարին: Անկախացմանը դեմ է քվեարկել Շոտլանդիայի բնակիչների 55 տոկոսը՝ (2 001 926 մարդ), կողմ՝ 44,7 տոկոսը (1 617 989 մարդ): Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը, որը հանրաքվեի գլխավոր նախաձեռնողն էր, ընդունեց ժողովրդի ընտրությունն ու հրաժարական տվեց: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն անկախության կողմնակիցներին ինքնակառավարման խորացում խոստացավ, ինքնուրույնության ընդլայնում ներքին քաղաքական ոլորտում: