30 սեպտեմբերի 2014 - 17:59 AMT
Հայաստանյան մամուլն ամենաազատն է տարածաշրջանում

«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Whitout Borders) միջազգային կազմակերպությունը հրապարակել է մամուլի ազատության իր ամենամյա զեկույցը, ըստ որի աշխարհում ամենաազատ մամուլը Ֆինլանդիայում է: Դրան հաջորդում են Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորան, Լիխտենշտեյնը, Դանիան, Իսլանդիան, Նոր Զելանդիան և Շվեդիան:

Հայաստանը զեկույցում 78-րդ հորիզոնականում է, և թեև դիրքերը զիջել է 4 կետով, միևնույն է՝ մամուլի ազատության ցուցանիշով տարածաշրջանում առաջատարն է: Մեր հարևաններից մամուլի ազատության առումով իրավիճակը համեմատաբար լավ է Վրաստանում` 84-րդ հորիզոնական: Հատկանշական է, որ Վրաստանը ցանկում վերև է բարձրացել միանգամից 16 հորիզոնականով:

Ադրբեջանը 160-րդն է (-4 հորիզոնական), Թուրքիան նախորդ տարվա համեմատ չի տեղաշարժվել և 154-րդ տեղում է, իսկ Իրանը 173-րդն է (+1):

Զեկույցում Ադրբեջանի և Ուկրաինայի (127-րդ հորիզոնական) առնչությամբ նշվում է, որ մամուլի ոլորտում «Այս երկրներից մինչև Կենտրոնական Ասիա բարեհաջող պատճենում են Ռուսաստանի ռեպրեսիվ մեթոդները»:

Նախորդ տարի (2013-ին) Հայաստանը տարածաշրջանում նույնպես առաջատար էր` 74-րդ հորիզոնականում էր, Ադրբեջանը 156-րդն էր, Վրաստանը՝ 100-րդը, Թուրքիան՝ 154-րդը:

Զեկույցը կազմվում է հատուկ ստեղծված հարցաշարի հիման վրա, որը պարունակում է 87 հարց:Դրանց պատասխանում են ներառված երկրների, այս տարի՝ 180-ը, գործընկեր կազմակերպությունները, ակտիվիստները, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության թղթակիցները: Վարկանիշային աղյուսակը ձևավորվում է ըստ վեց հիմնական չափորոշիչի՝ մամուլի բազմակիությունը, ԶԼՄ-ների անկախ լինելը, գրաքննությունը, ոլորտը կառավարող օրենսդրական դաշտը, թափանցիկությունը, ենթակառուցվածքները: Հաշվի են առնվում նաև լրագրողների մահվան և բանտարկության, նրանց վրա հարձակումների դեպքերն այս կամ այն երկրում: