1 հոկտեմբերի 2014 - 15:02 AMT
ԵԽԽՎ-ն քննադատել է մարդու իրավունքների ոտնահարումն Ադրբեջանում. Խնդիրը հրատապ է

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Նիդերլանդները ներկայացնող պատգամավոր Պիտեր Օմցիգն Ադրբեջանին քննադատող բանաձևի նախագիծ է ներկայացրել` «Եվրոպայի խորհրդի հետ գործակցող անկախ փորձագետների պաշտպանություն» խորագրով։

Բանաձևի նախագծում ասվում է, որ ներկայումս Եվրոպայի խորհրդի առջև ծառացած մարտահրավեր է՝ զարգացնել մասնակցային ժողովրդավարությունը և ուժեղացնել հասարակական կազմակերպություններին և քաղաքացիական հասարակությանը, որն էլ կմեծացնի քաղաքացիների գործողությունների ազդեցությունը.

«Եվրոպայի խորհուրդը ևս շահում է ՀԿ-ների հետ շփումներից։ Մինչդեռ, անկախ փորձագետների հետ արդյունավետ հաղորդակցությունը դառնում է էական՝ բազմակողմ տեղեկատվություն ստանալու տեսանկյունից։ Միայն օբյեկտիվ և անաչառ տեղեկատվությունը կարող է հիմք հանդիսանալ կազմակերպության հարթ և նպատակային գործունեության համար»:

Բանաձևում խոսվում է ադրբեջաննցի մարդու իրավունքների պաշտպաններ Ռասուլ Ջաֆարովի և Ինթիգամ Ալիևի ձեռրբակալությունների մասին:

Երկուսն էլ ձերբակալվել են ԵԽԽՎ-ում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումների մասին բարձրաձայնելուց հետո:

2014-ի հունիսին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Ռասուլ Ջաֆարովը Վեհաժողովին ներկայացրեց զեկույց` Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։ Ստրասբուրգից Ադրբեջան վերադառնալուց հետո Ջաֆարովը ձերբակալվեց։ Մեկ այլ հայտնի իրավապաշտպան՝ Ինթիգամ Ալիևը ևս ձերբակալվեց ԵԽԽՎ-ում հանդիպումներից հետո, որտեղ նա ևս քննադատում էր Ադրբեջանի իշխանություններին՝ մարդու իրավունքների ցածր մակարդակի և հասարակական կազմակերպությունների գործունեությանը խոչընդոտելու համար։

Ջաֆարովին և Ալիևին առաջադրված մեղադրանքները, զեկույցի համաձայն, կապված են մարդու իրավունքների ոլորտում իրենց աշխատանքի հետ, ինչպես ճանաչվել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարության մեջ։ Այս գործողությունները ներառում են նաև ԵԽԽՎ-ին իրենց ներկայացրած փորձագիտական եզրակացությունները։

«Ադրբեջանը պետք է հարգի հիմնարար ազատությունները և զերծ մնա փորձագետներին՝ ԵԽԽՎ-ում և ԵԽ այլ մարմիններում իրենց արտահայտած կարծիքի համար հալածելուց, որը տարբերվում է անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշումից։ Ի հավելումն, վեհաժողովը պետք է քննարկի համապատասխան մեխանիզմների ստեղծման հնարավորությունը, որը կպաշտպանի ԵԽ-ի կողմից հրավիրված փորձագետների ազատ կարծիքի արտահայտումը»,-ասվում է բանաևի նախագծում։ Նշվում է, որ խնդիրն իրոք հրատապ է, գրում է Panorama.am-ը:

Նախօրեին` սեպտեմբերի 30-ին, ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների կոմիտեն միաձայն Ադրբեջանին քննադատող հայտարարություն է ընդունել, որով դատապարտում է այդ երկրում մարդու իրավունքների պաշտպանների և հասարակական կազմակերպությունների առաջնորդների ձերբակալությունները։

Հանձնաժողովը մտահոգություն է հայտնել, որ ԵԽ նախարարների կոմիտեում նախագահության ընթացքում` ընդամենը մի քանի շաբաթվա մեջ, քաղաքացիական հասարակության 4 հայտնի ակտիվիստներ՝ Ինթիգամ Ալիևը, Ռասուլ Ջաֆարովը, Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը՝ Արիֆ Յունուսը ձերբակալվեցին։ Լեյլա և Արիֆ Յունուսներին մեղադրեցին անգամ «պետական դավաճանության» մեջ։ Ավելին, ձերբակալվածների թվում են Վացլավ Հավելի մրցանակակիր Անար Մամեդլին, նրա գործընկերներ Բաշիր Սուլեյմանովը և Հասան Հուսեյնլին։ Այս բոլոր մարդիկ դատապարտվել են երկարատև ազատազրկման։ Անձինք, ովքեր սերտորեն համագործակցում էին Եվրոպայի խորհրդի հետ։

Հանձնաժողովը գտնում է, որ այս բոլոր ձերբակալություները եղել են ակտիվիստների արտահայտած քննադատական տեսակետների պատասխանը։ Հանձնաժողովը նաև իր մտահոգությունն է հայտնել Լեյլա Յունուսի առողջական վիճակի հետ կապված, որը ենթարկվում է դաժան վերաբերմունքի և զրկված է համապատասխան բուժում ստանալու հնարավորությունից։

Հետևաբար, հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին՝ ազատ արձակել վերոնշյալ քաղաքացիական հասարակության ակտիվիստներին, ձեռնպահ մնալ մյուսներին անարդար հետապնդելուց և ապահովել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի չափանիշները։

Այն հիշեցնում է, որ ազատ արտահայտման, հավաքների և միավորումների հարգանքը ժողովրդավարական և բազմակարծիք հասարակության գործունեության համար անհրաժեշտ նախապայման է, որին Ադրբեջանը պետք է հետևի, որպես Եվրոպայի խորհրդի անդամ։

Հանձնաժողովը նաև ընդգծում է, որ որպես հրատապ թեմա, սպասում է «ԵԽ նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահություն․ինչ քայլեր են արվել մարդու իրավունքների պաշտպանության հարցում» զեկույցին, որի զեկուցողն է ադրբեջանամետ դիրքորոշմամբ հայտնի իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամոնը։

2013-ի հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո Ադրբեջանի կառավարությունը քաղաքական ընդդիմադիրներին ու ակտիվիստներին ճնշելու արշավ սկսեց: Մի շարք օրենքներում ուղղումներ կատարվեցին ՈԿԿ գործունեության վերաբերյալ: 2014-ի կեսերին Ադրբեջանում կտրուկ աճեցին քաղաքական դրդապատճառներով ձերբակալությունները:Հուլիսի 30-ին Լեյլա Յունուսին ձերբակալեցին պետական դավաճանության, հարկերի վճարումից խուսափելու, ապօրինի ձեռնարկատիրության, փաստաթղթեր կեղծելու և խոշոր չափի խարդախության մեջ: Նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին ձերբակալեցին օգոստոսի 5-ին, երբ նրան մեղադրանք ներկայացվեց պետդավաճանության և խոշոր չափի խարդախության համար:

Լեյլա Յունուսը Բաքվի Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն է, զբաղվում է քաղբանտարկյալների պաշտպանությաբ, ինչպես նաև Հայաստանի հետ երկխոսության հաստատման ու ժողովրդական դիվանագիտության նախաձեռնողներից է, ինչն էլ առիթ հանդիսացավ նրան պետական դավաճանության մեջ մեղադրելու համար:Ավելի վաղ Ազգային անվտանգությունը ձերբակալել է հայտնի լրագորղ Ռաուֆ Միրկադիրովին՝ Հայաստանի համար լրտեսելու մեղադրանքով: Նա այդ հանցագործությունն իբր կատարել է 2008-2009 թվականներին, հայերին կարևոր փաստաթղթեր հանձնելով Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի կազմակերպած միջոցառման շրջանակում, որի ղեկավարն է Լեյլա Յունուսը: Ուստի, հավանաբար, Յունուսներին ցանկանում են մեղադրել մեղասակցության մեջ:

Վերջին տարիներին ձերբակալվել է առնվազն 40 լրագրող, քաղաքացիական և քաղաքական ակտիվիստներ ու իրավապաշտպաններ տարբեր շինծու մեղադրանքների հիման վրա:

Մարդու իրավունքների պաշտպանության համար տրվող Վացլավ Հավելի միջազգային մրցանակը 2014-ին շնորհվել է ադրբեջանցի քաղբանտարկյալ Անար Մամեդլիին: «Վացլավ Հավելի մրցանակը մեր ընդհանուր ինքնությունն է։ Ընտրությունը բավական բարդ էր, բայց մենք պետք է կատարեինք այն»,-ասել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը և հայտարարել հաղթողին: Վացլավ Հավելի դիպլոմն ու 60.000 եվրոն հանձնվել է Անար Մամեդլիի հորը։

Անար Մամեդլին մեծ ներդրում է ունեցել Ադրբեջանում ազատ ընտրության իրավունքի պաշտպանության գործում։ Նա հիմնադրել և ղեկավարել է Ադրբեջանում ընտրությունների դիտարկման կազմակերպությունը։ 2001-ից նրա հիմնադրած «Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարական հետազոտությունների կենտրոնն» իրականացնում էր Ադրբեջանի ընտրությունների մոնիտորինգը։ Անար Մամեդլին ձերբակալվել է 2013-ի դեկտեմբերին ՝ Ադրբեջանում կայացած վերջին նախագահական ընտրություններից հետո։ Իշխանությունները նրան մեղադրեցին «իշխանության չարաշահման» և մի շարք այլ հոդվածներով և 2014-ի մայիսին նրան դատապարտեցին 5,5 տարվա ազատազրկման։ Վացլավ Հավելը չեխ թատերագիր, ակնարկագիր, բանաստեղծ, այլախոհ և քաղաքական գործիչ էր։ Եղել է Չեխոսլովակիայի վերջին նախագահը (1989-1992 թթ.) և Չեխիայի Հանրապետության առաջին նախագահը (1993-2003 թթ.)։ Հավելը մասնակցել է Հրովարտակ 77-ի պատրաստմանը, ու Պրագյան հռչակագրի հիմնադիր-ստորագրողներից մեկն էր։ Մահացել է 2011-ի դեկտեմբերի 18-ին: