1 հոկտեմբերի 2014 - 15:24 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
«ԱրմՍվիսԲանկ»-ն ու ՎԶԵԲ-ը $5 մլն համարժեք դրամի ՓՄՁ վարկավորման պայմանագիրն են կնքել

«ԱրմՍվիսԲանկ»-ն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն (ՎԶԵԲ) այսօր՝ հոկտեմբերի 1-ին, 5 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ՓՄՁ վարկավորման հերթական պայմանագիրն են կնքել:

«ՓՄՁ վարկավորման» ծրագրի պայմաններին բավարարող ձեռնարկություններին նախատեսվում է տրամադրել 300 մլն ՀՀ դրամ գումարը չգերազանցող մինչև 14% տարեկան տոկոսադրույքով դրամային վարկեր մինչև 5 տարի մարման ժամկետով: Վարկավորման համար կարող են դիմել այն ձեռնարկությունները, որոնց աշխատակիցների թիվը չի գերազանցում 250-ը:

Պայմանագրի շրջանակում վարկերը տրամադրվում են հիմնական միջոցների ձեռքբերման, շրջանառու միջոցների համալրման, ինչպես նաև գործունեության ընդլայնման և զարգացման նպատակով: Վարկավորման այս պայմանագիրը Բանկին հնարավորություն կընձեռի ավելացնել փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրվող վարկավորման ծավալները՝ առաջարկելով հաճախորդներին շուկայում առկա տոկոսադրույքներից համեմատաբար ցածր տոկոսադրույքով դրամային վարկեր:

ՎԶԵԲ-ն ու «ԱրմՍվիսԲանկ»-ը սկսել են գործակցել դեռ 2010-ին ու հենց այդ ժամանակ էլ «ՓՄՁ վարկավորման» ծրագրի շրջանակում կնքել են առաջին պայմանագիրը՝ 5 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով: Բացի այդ, ՎԶԵԲ-ը Բանկի համար «Առևտրի ֆինանսավորման ծրագրի» շրջանակում հաստատվել էր նաև 3 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափ, որը գործակցության ընթացքում եռապատկվել է և այժմ կազմում է 9 մլն ԱՄՆ դոլար:

Որպես ՎԶԵԲ-ի հետ գործակցության զարգացման հավաստիացում՝ 2014-ի հուլիսին ՎԶԵԲ-ն «ԱրմՍվիսԲանկ»-ին «Հաստատող բանկ»-ի կարգավիճակ է շնորհել:

ՖՈՏՈՇԱՐՔ